ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CNBC հեռուստաալիքին հայտարարել է, որ Nvidia ընկերությունում իր պաշտոնում վերականգնված Ջենսեն Հուանգը «ոչ մի վատ բան չի արել»։
«Կարծում եմ՝ [Nvidia-ի] տնօրենների խորհուրդը շատ պատասխանատու է վարվել՝ որոշելով Հուանգին վերականգնել պաշտոնում։ Նրանք երաշխիքներ են խնդրել ազգային անվտանգությանը սպառնացող վտանգի առնչությամբ։ Եվ մենք տվել ենք այդ երաշխիքը»,- նշել է Թրամփը։
Թրամփը հայտարարել է, որ Հուանգի հետ խոսել է կիրակի երեկոյան՝ նախքան Nvidia-ի տնօրենների խորհուրդը կհայտարարեր նրան պաշտոնում վերականգնելու մասին։
Հարցին՝ արդյոք անցած շաբաթ Հուանգի՝ Nvidia-ից հեռանալուց հետո բաժնետոմսերի անկումն ազդե՞լ է գլխավոր տնօրենին պաշտոնում վերականգնելուն հասնելու իր որոշման վրա, Թրամփը պատասխանել է. «Հավանաբար՝ այո, սակայն ավելի էական ազդեցություն է ունեցել երկարաժամկետ հեռանկարը։ Ավելի լուրջ հետևանքն այն էր, որ նրա ուղեղում կան նաև այլ չիպեր, որոնց մասին ոչ ոք չգիտի»,- նշել է Թրամփը։
Նա միաժամանակ հայտնել է, որ Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ երկար զրուցել է Ջենսեն Հուանգի մասին։ «Սին նրան կարգին չի ճանաչում։ Անկեղծ ասած՝ զարմացա, որ նա քիչ բան գիտի Ջենսենի մասին»,- նշել է Թրամփը։
Ըստ Թրմափի՝ Սի Ծինփինը կրկին մեծ հարգանք է դրսևորել ԱՄՆ-ի նկատմամբ։ «Երկու տարի առաջ նա այդպես չէր վարվում։ Նա ինձ դիմավորեց ինքնաթիռի մոտ, և դա նշան է»,- ընդգծել է նա։
Նրա գնահատմամբ՝ «Օբամայի հետ Չինաստանում սարսափելի էին վարվում, իսկ Բայդենը չգիտեր՝ որտեղ է գտնվում»։
Այսօր ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել են, որ Ջենսեն Հուանգը վերականգնվել է Nvidia-ի գլխավոր տնօրենի պաշտոնում:





























