Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է Դաշինքի անդամ պետություններին՝ հայտարարելով, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի լիիրավ անդամակցությունն անվտանգության ավելի արդյունավետ երաշխիք կլինի, քան անվտանգության այնպիսի երաշխիքների առաջարկը, որոնք ինչ-որ առումով կնմանվեն ՆԱՏՕ-ի հիմնադիր պայմանագրի 5-րդ հոդվածին։ Դրա մասին նա հայտարարել է Բեռլինում անցկացվող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի մասնակիցների առջև ունեցած ելույթում։

«Եթե արդեն հիմա միանգամայն բնական է հնչում այն միտքը, որ Ուկրաինայի անվտանգության հուսալի երաշխիքները պատերազմից հետո խաղաղ կյանքի առանցքային պայմաններից են, և ոմանք այդ երաշխիքները նմանեցնում են 5-րդ հոդվածին, ապա ինչո՞ւ բարձրաձայն չասել այն, ինչի մասին այդքան շատերն են մտածում. ավելի արդյունավետ չէ՞ր լինի Ուկրաինային ընդունել ՆԱՏՕ։ Մի՞թե բոլորիս համար ավելի լավ, ավելի էժան և ավելի հուսալի չէր լինի դա իրականացնել, երբ խոսքն իրականում անվտանգության պաշտպանության մասին է»,- ընդգծել է Զելենսկին։

Ինչպես նշել է Ուկրաինայի նախագահը, երբ խոսքը ՆԱՏՕ-ի հիմնադիր Վաշինգտոնյան պայմանագրի 5-րդ հոդվածին նման երաշխիքների մասին է, Ուկրաինային անհրաժեշտ են մի շարք հստակ հարցերի պատասխաններ։ Մասնավորապես, պետք է պատասխան ստանալ այն հարցին, թե կոնկրետ որ երկրները կաջակցեն Ուկրաինային, եթե մեր պետությունը կրկին հարձակման ենթարկվի Ռուսաստանի կողմից, հաղորդում է УНИАН-ը։

«Կոնկրետ ի՞նչ են անելու մեր գործընկերները՝ ի պատասխան։ Ի՞նչ զորքեր են նախապես տեղակայվելու մեր տարածքում։ Որքա՞ն կարժենա այդ ամենը, և արդյո՞ք դա իսկապես կգործի։ Դա հեշտ չէ։ Մինչ այժմ մենք հստակ, կոնկրետ պատասխաններ չենք լսել՝ նման գաղափարների հանդեպ ամբողջ հարգանքով հանդերձ»,- հավելել է Զելենսկին։