Շվեդական Nordic Air Defence (NAD) ստարտափը ներկայացրել է նոր K200 կալանիչը։
Այն նախատեսված է ռուսական «Герань-3» և «Герань-4» հարվածային անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համար, որոնք արդեն մի քանի ամիս է՝ համալրվում են ռեակտիվ տուրբիններով և կարող են զարգացնել ավելի քան 600 կմ/ժ արագություն, գրում է Bild-ը։ K200-ը պետք է կարողանա լիովին ինքնավար կերպով հետապնդել և խոցել իր թիրախները։ Ըստ NAD-ի ղեկավար Կարլ Ռուսանդերի՝ փորձարկումների ժամանակ համակարգը խոցել է տասը թիրախից ինը։ Եթե կալանիչն առաջին փորձից վրիպում է, այն կարող է պտտվել թիրախի շուրջ և կրկին հարձակվել դրա վրա։
Արտադրողի տվյալներով՝ նոր զենքը մշակվել է ընդամենը 70 օրում։ K200-ը ի վիճակի է կրել 500 գրամ զանգվածով մարտագլխիկ։ Կալանիչի գործողության հեռահարությունը գերազանցում է 25 կիլոմետրը։
Պարտադիր չէ, որ K200-ն անմիջապես դիպչի թիրախին։ Դրա լիցքի պայթյունի շառավիղը 10-12 մետր է։ Բորտային տեսախցիկներն ու սենսորները հայտնաբերում և նշանառության տակ են վերցնում թիրախը։ Ընդ որում, կալանիչը կախված չէ որևէ կոնկրետ ռադիոտեղորոշիչ համակարգից։ Բավարար են եռաչափ կամ օպտիկական սենսորից ստացված կոորդինատները, պարզաբանում է Ռուսանդերը։ Դրանից հետո K200-ն ինքնուրույն հաշվարկում է դեպի թիրախ օպտիմալ ուղին։
K200-ի մշակման գործում կարևոր դեր է խաղում Ուկրաինան։ Ըստ Ռուսանդերի՝ NAD-ը շատ սերտորեն համագործակցում է ուկրաինացի գործընկերների հետ և արդեն որոշ ժամանակ է՝ իր համակարգերը փորձարկում է Ուկրաինայում։
Ռուսական նորագույն մշակման՝ «Герань-5» անօդաչուի դեմ K200-ը դեռ կիրառելի չէ, խոստովանել է Ռուսանդերը։ Սակայն այդ ուղղությամբ աշխատանքներն արդեն ընթանում են։




























