Գայլերը կարողանում են հաչել, կաղկանձել և մռնչալ, բայց ամենից շատ հայտնի են իրենց բնորոշ ոռնոցով։ Այդ սարսռազդու ձայնը կարող է տարածվել հսկայական հեռավորությունների վրա։ Բայց ինչո՞ւ են իրականում ոռնում գայլերը։ Այդ վարքագիծը պայմանավորված է ոչ թե Լուսնի տեսքով, ինչպես ընդունված է կարծել, այլ բարդ սոցիալական կապերը պահպանելու անհրաժեշտությամբ, գրում է Live Science-ը։
Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարանից Արիկ Քերշենբաումն ասում է, որ գայլերը կարող են ոռնալ ինչպես միայնակ, այնպես էլ խմբերով։ Միայնակ գայլերը ոռնում են, երբ ցանկանում են վերականգնել կապն իրենց ոհմակի հետ։ Ոհմակի անդամները կարող են ցրվել միմյանցից բավական հեռու, և երբ անհրաժեշտ է հավաքվել որսի, ձագերին խնամելու կամ իրենց տարածքը պաշտպանելու համար, ոռնոցն օգնում է նրանց գտնել միմյանց։ Միաժամանակ իր ոհմակը լքած գայլը ոռնոցի միջոցով կարող է նոր ոհմակ կամ զուգընկեր փնտրել։
Հունգարիայի Բուդապեշտի համալսարանից Թամաշ Ֆարագոն ասում է, որ գայլերի ոհմակը խմբով է ոռնում, երբ ցանկանում է հեռացնել մեկ այլ ոհմակի և նշել իր տարածքի սահմանները։ Այդ դեպքում գայլերն ավելի ակտիվ են ոռնում, եթե ոհմակը որսից ավարով է վերադարձել, կամ նրանում շատ ձագեր կան։
Քերշենբաումի բնորոշմամբ՝ գայլերի խմբային ոռնոցը հաճախ սոցիալական բնույթ է կրում։ Այս գիշատիչները միասին են ոռնում՝ սոցիալական համախմբվածությունն ամրապնդելու համար, գրում է «Фокус»-ը։ Կենդանիներին հաճելի է իրենց անվտանգ զգալ՝ գտնվելով ազգակիցների կողքին։
Բաց տեղանքում գայլի ոռնոցը կարելի է լսել մինչև 16 կիլոմետր հեռավորությունից։ Ոռնոցը կազմված է ցածր և բարձր հաճախականության ձայների համակցությունից։ Ըստ գիտնականների՝ վերջիններս մեծ քանակությամբ տեղեկություն են պարունակում այդ ձայներն արձակող գայլի մասին։
Գայլերի ոռնոցը տարբերվում է՝ կախված տեսակից և ենթատեսակից։ Ինչպես ցույց են տվել հետազոտությունները, գայլերի յուրաքանչյուր խումբ ունի մի տեսակ ձայնային բարբառ՝ ոռնոցի որոշակի տեսակների ամբողջություն, որոնք օգտագործվում են տարբեր հաճախականությամբ։
Տարածված կարծիք կա, թե գայլերը ոռնում են Լուսնի վրա։ Սակայն գիտնականներն ասում են, որ իրականում դա առասպել է, և ոռնոցի ու Լուսնի տեսքի միջև որևէ կապ չկա։ Հետազոտողները ենթադրում են, որ մինչև էլեկտրական լուսավորության ի հայտ գալը մարդիկ ավելի հաճախ դրսում էին լինում, երբ երկնքում լիալուսին էր երևում, և հենց այդ ժամանակ էլ լսում էին գայլերի ոռնոցը։
Ի դեպ, գայլերից սերած շների ոռնոցը կարող է տարբերվել վերջիններիս ոռնոցից, բայց ամեն ինչ կախված է ցեղատեսակից։ Ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, գայլերին գենետիկորեն ավելի մոտ՝ շների ավելի հին ցեղատեսակներն ավելի հաճախ են ոռնում։ Մինչդեռ ժամանակակից ցեղատեսակների շներն ավելի հաճախ հաչում են, քան ոռնում։




























