Մոտ 13 միլիոն տարի առաջ Հյուսիսային Ամերիկայի Մեծ հարթավայրերում շրջում էր ընձուղտի պես երկար պարանոցով և վամպիրի պես սուր ժանիքներով մի ուղտ։ Մինչև վերջերս այդ ուղտը նույնիսկ պաշտոնական անվանում չուներ։ Այժմ գիտնականները նկարագրել են ուղտերի նոր տեսակ, գրում է IFLScience-ը։
Սուր ժանիքներով ուղտերի քարացած մնացորդներն առաջին անգամ հայտնաբերվել են XX դարի սկզբին և պահվել Նյու Մեքսիկո նահանգի (ԱՄՆ) բնական պատմության և գիտության թանգարանի հավաքածուում։ Այդ գտածոները ոչ ոք չէր նկարագրել։
Այժմ կենդանին ստացել է Vampyrocamelus welshi պաշտոնական անվանումը, այսինքն՝ վամպիր ուղտ։ Բանն այն է, որ այս ուղտն ուներ երկու զույգ ժանիք, որոնք աճում էին միայն արուների մոտ։
Այս խոտակեր կենդանիների արուների վերին ծնոտի երկու կողմերում տեղակայված էին մոտ 40 միլիմետր երկարությամբ, դեպի հետ կորացած և սուր ծայրով երկու զույգ հսկայական ժանիքներ։ Թե կոնկրետ ինչի համար էին նախատեսված ժանիքները, գիտնականները դեռ հստակ չգիտեն։
Հնարավոր է՝ սուր ատամները ծառայում էին գիշատիչներից պաշտպանվելու համար, սակայն, հետազոտության հեղինակների կարծիքով, ամենայն հավանականությամբ, արուները դրանք օգտագործում էին էգերի ուշադրության համար մրցակցային պայքարում։
Ընձուղտի պես պարանոց ունեցող այդ ուղտը մոտ 13 միլիոն տարի առաջ բնակվում էր ներկայիս Թեքսաս և Օկլահոմա նահանգների տարածքում։ Հաշվի առնելով, որ վամպիր ուղտերի կմախքի մեծ մասը չի հայտնաբերվել, դժվար է հասկանալ, թե կոնկրետ ինչ տեսք ուներ այդ կենդանին։ Բացի գանգերից, պահպանվել են վերջույթների և ոտնաթաթերի ընդամենը մի քանի բեկորներ, ինչը բավարար չէ լիարժեք վերակազմության համար։
Vampyrocamelus welshi-ի հայտնաբերված մնացորդները նման են Aepycamelus ցեղի ներկայացուցիչների՝ հնագույն կենդանիների մնացորդներին, որոնք արտաքնապես որոշ չափով հիշեցնում էին ընձուղտների։ Aepycamelus-ները տեղաշարժվում էին երկար ոտքերով, իսկ նրանց պարանոցը, որը հասնում էր 3 մետր բարձրության, հնարավորություն էր տալիս սնվել ծառերի գագաթների տերևներով։ Հնարավոր է՝ վամպիր ուղտը նույնպիսի տեսք ուներ։
Ուղտերն առաջացել են հենց Հյուսիսային Ամերիկայում մոտ 40–60 միլիոն տարի առաջ և այնտեղ անհետացել մոտ 13 հազար տարի առաջ։ Ժամանակակից ուղտերի նախնիները գաղթել են Ասիա և Աֆրիկա, ամենայն հավանականությամբ, Եվրասիան և Հյուսիսային Ամերիկան միացնող Բերինգի ցամաքային կամրջով։ Էվոլյուցիայի ընթացքում այդ կենդանիները վերածվել են Ասիայում բնակվող երկսապատ ուղտերի և Աֆրիկայում բնակվող միասապատ ուղտերի։ Ուղտերի նախնիների մի մասն էլ Պանամայի պարանոցով տեղափոխվել է Հարավային Ամերիկա և ժամանակի ընթացքում էվոլյուցիայի արդյունքում վերածվել լամաների ու ալպակաների։





























