ԱՄՆ-ը քննարկում է սիրիացի զինվորներին ականազերծման հմտություններ ուսուցանելու ծրագրերը, Reuters-ին հայտնել են հինգ աղբյուրներ։

Դա կլինի սիրիացի զինվորականների մասնակցությամբ ԱՄՆ առաջին ուսումնական առաքելությունն այն բանից հետո, երբ նախկին ապստամբները 2024 թվականին Դամասկոսում զավթեցին իշխանությունը։

Ըստ աղբյուրների՝ բազմազգ ուսումնական առաքելություն իրականացնելու առաջարկը Միացյալ Նահանգներում դեռևս բախվում է իրավական խոչընդոտների, ինչպես նաև սիրիական բանակի որոշ ներկայացուցիչների թերահավատությանը։ Սակայն, եթե այն ընդունվի, ԱՄՆ-ը կարող է արդեն հաջորդ տարի Սիրիա վերադարձնել փոքրաթիվ զորակազմ՝ «Իսլամական պետության» դեմ տասը տարի պայքարած զորակազմի դուրսբերումից ընդամենը մեկ տարի անց։

Ըստ աղբյուրի՝ ծրագրին կմասնակցեն նաև ԱՄՆ-ի շուրջ 15 դաշնակիցների ներկայացուցիչներ, ներառյալ՝ Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ավստրալիայից, Սաուդյան Արաբիայից և Արաբական Միացյալ Էմիրություններից։