Երկրի վրա բազմաթիվ գործընթացներ և երևույթներ ցիկլային են, այսինքն՝ արդեն միլիոնավոր տարիներ տեղի են ունենում որոշակի պարբերականությամբ։ Չինացի հետազոտողները հայտնաբերել են մեր մոլորակի՝ նախկինում անհայտ բոլորաշրջաններից մեկը։ Հնագույն ապարներում վկայություններ են հայտնաբերվել նրա մասին, որ մոտավորապես յուրաքանչյուր 405 հազար տարին մեկ մեր մոլորակի վրա չափազանց հզոր փոթորիկներ են առաջացել։ Դրանց առաջացումը կարող է կապված լինել Արեգակի շուրջ Երկրի ուղեծրի պարբերական փոփոխությունների հետ, որոնք պայմանավորված են Արեգակնային համակարգի մյուս մոլորակների ձգողական ազդեցությամբ, գրում է ScienceAlert-ը։

Փոթորիկները մեր մոլորակի ամենամոլեգին եղանակային երևույթներից են, որոնք ուղեկցվում են տեղատարափ անձրևներով և ուժեղ քամիներով։ Փոթորկի բարձրացրած ամբողջ նյութն անխուսափելիորեն նստում է օվկիանոսների և ծովերի հատակին։ Հզոր ալիքներն ու հոսանքները խառնում են ավազն ու հատակային նստվածքները, տեղափոխում դրանք նոր վայր և ձևավորում շերտեր, որոնք ժամանակի ընթացքում ծածկվում են ավելի ուշ առաջացած շերտերով։ Ժամանակի ընթացքում այդ շերտերը կարծրանում են և վերածվում ապարների՝ պահպանելով իրենց առաջացրած փոթորիկների մասին վկայությունները։ Այդպիսի ապարները կոչվում են տեմպեստիտներ։

Գիտնականներն ուսումնասիրել են Չինաստանի Սիչուանի իջվածքի տեմպեստիտները, որտեղ մոտ 500 միլիոն տարվա հնության՝ քեմբրիի ժամանակաշրջանին պատկանող ապարները ձևավորվել են վաղուց անհետացած ծովի հատակին։ Հետազոտողները նստվածքային ապարներում հայտնաբերել են կրկնվող կառուցվածքներ և կարողացել վերականգնել մոտ 24 միլիոն տարի ընդգրկող երկրաբանական պատմությունը։

Հետազոտությունը թույլ է տվել հայտնաբերել 59 բոլորաշրջան, որոնցից յուրաքանչյուրը տևել է մոտավորապես 405 հազար տարի, հաղորդում է «Фокус»-ը։ Երբ հետազոտողները վերլուծել են, թե այդ բոլորաշրջանների որ փուլերում են առաջացել տեմպեստիտները, հետաքրքիր օրինաչափություն է բացահայտվել։ Պարզվել է, որ տեմպեստիտներն առավել հաճախ առաջացել են յուրաքանչյուր ցիկլի աճի և գագաթնակետի փուլերում։ Այդ ժամանակահատվածներում ձևավորվել են նստվածքային ապարների ավելի հաստ շերտեր, ինչը վկայում է փոթորիկների ուժգնության աճի մասին։

Գոյություն ունի մեր մոլորակի ուղեծրային մի բոլորաշրջան, որը ևս տևում է մոտավորապես 400 հազար տարի։ Դա Միլանկովիչի ցիկլն է, որի ընթացքում Արեգակի շուրջ Երկրի ուղեծիրը փոխվում է հիմնականում Վեներայի և Յուպիտերի ձգողական ազդեցության հետևանքով։

Գիտնականները ենթադրում են, որ քեմբրիի ժամանակաշրջանի տաք կլիմայական պայմաններում Երկրի ուղեծրի նման տատանումները կարող էին պարբերաբար ուժեղացնել օվկիանոսների տաքացումը՝ բարենպաստ պայմաններ ստեղծելով ավելի հզոր փոթորիկների առաջացման համար։

Ըստ հետազոտողների՝ այս փոխկապակցվածությունը դեռ վերջնականապես ապացուցված չէ։ Բացի դրանից, դեռ պարզ չէ՝ արդյոք նման հզոր փոթորիկներ կարող են առաջանալ մեր օրերում։ Երկրի ժամանակակից կլիման տարբերվում է քեմբրիի ժամանակաշրջանի կլիմայից, և ներկայում կարող են բացակայել այն պայմանները, որոնք կնպաստեին նույն պարբերականությամբ շատ հզոր փոթորիկների առաջացմանը։