Հարավային Ֆլորիդայի համալսարանի թիմի մշակած՝ տանիքների համար նախատեսված սպիտակ ներկն անդրադարձնում է արևի լույսի մինչև 98 %-ը և ջերմություն է արձակում այնպիսի ալիքների երկարություններով, որոնք անցնում են Երկրի մթնոլորտի միջով։ Ծածկույթը կարող է նվազեցնել տանիքով շենքեր ներթափանցող ջերմության քանակը և օդորակման համար էներգիայի ծախսը։ Հաշիվների հնարավոր խնայողությունը բավական զգալի է. մշակողի գնահատմամբ՝ ներկը կարող է շենքերում էլեկտրաէներգիայի ծախսերը կրճատել շուրջ 50 %-ով։

Մակերևույթի գերտաքացման խնդիրը ներկը լուծում է երկու եղանակով՝ անդրադարձնում է արևի լույսի մեծ մասը և ջերմություն է արձակում ինֆրակարմիր ճառագայթմամբ՝ մթնոլորտային պատուհանով անցնող ալիքների երկարություններով։ Այդպես ջերմության մի մասը հեռանում է տիեզերք։ Երբ մակերևույթն ավելի շատ ջերմություն է արձակում, քան ստանում է արտաքին միջավայրից, դրա ջերմաստիճանը կարող է օդի տվյալ պահի ջերմաստիճանից ցածր լինել նույնիսկ արևոտ օրը, գրում է «Техкульт»-ը։ Ներկը բնական նյութերից պատրաստել են համալսարանի TECO մաքուր էներգիայի հետազոտական կենտրոնում։

Համեմատական փորձարկումների են ենթարկվել ջերմամեկուսիչ շերտի վրա ալյումինե փայլաթիթեղով պատված 3 նմուշներ։ Մեկը պատված էր փորձարարական ներկով, մյուսը՝ շուկայում առկա տանիքային «սառը» ներկով, իսկ երրորդը ծածկույթ չուներ։ Ջերմաչափերը 28 օրվա ընթացքում՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն, գրանցել են ջերմաստիճանը։ Մշակված ծածկույթը մշտապես մակերևույթի ջերմաստիճանը շրջակա օդի ջերմաստիճանից ցածր է պահել։

Թիմն արդեն արտոնագրի նախնական հայտ է ներկայացրել և մշակում է թափանցիկ պաշտպանիչ շերտ, որը կօգնի ներկին դիմակայել քամուն ու տեղումներին։ Հարկ է հաշվի առնել, որ բացօթյա պայմաններում փորձարկվել են միայն փորձնական նմուշներ, ոչ թե ամբողջական տանիքներ։ Թե որքան էներգիա կխնայի ներկն իրական շենքում, կախված է դրա ջերմամեկուսացումից, եղանակից և օդորակիչների աշխատանքից։