Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուի մոտ, որը գտնվում է Բրազիլիա քաղաքի DF Star հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, ախտորոշվել է ստամոքսի պարունակությունը շնչուղիներ անցնելու հետևանքով առաջացած երկկողմանի թոքաբորբ։ Նա կշարունակի բուժումը ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, հայտնել է G1 պորտալը։
«Բոլսոնարուն ուրբաթ օրը հոսպիտալացվել է աղիքային անանցանելիությամբ։ Նրա մոտ հայտնաբերվել է նաև բրոնխոասպիրացիայի հետևանքով առաջացած թոքաբորբ», - ասվում է հաղորդագրության մեջ։
Պարբերականի տվյալներով՝ Բոլսոնարուի վիճակը վատթարացել է կիրակի օրը, երբ ուժեղացել են որովայնի փքվածությունն ու ցավը, փսխման նոպայից հետո նվազել է արյան մեջ թթվածնի մակարդակը, ինչպես նաև դող է առաջացել։ Բժիշկները որոշել են լրացուցիչ հետազոտություններ կատարել, որոնց արդյունքում հայտնաբերվել է երկկողմանի բրոնխոասպիրացիոն թոքաբորբ։ Բժիշկների խոսքով՝ թոքաբորբն ավելի թույլ է արտահայտված, քան մարտին Բոլսոնարուի նախորդ հոսպիտալացման ժամանակ։
Բոլսոնարուն հոսպիտալացվել է նոյեմբերի 20-ին՝ որովայնի ուժեղ ցավերից հետո։ Տոմոգրաֆիան հայտնաբերել է բարակ աղիքի գրեթե ամբողջական անանցանելիություն՝ կապված 2018 թվականին ստացած դանակահարումից հետո կատարված բազմաթիվ վիրահատությունների հետևանքով առաջացած կպումների հետ։
Էնդոսկոպիայի ընթացքում բժիշկները ստամոքսում և տասներկումատնյա աղիքում հայտնաբերել են թելքավոր նյութի կուտակում։ Նյութի մի մասը հաջողվել է հեռացնել, ինչից հետո Բոլսոնարուի վիճակը բարելավվել է, որովայնի փքվածությունն ու անհարմարությունը՝ նվազել։
Ներկայում բժիշկները պահպանողական բուժում են իրականացնում։ Դրական դինամիկայի պահպանման պայմանով նոր վիրահատությունն առայժմ բացառվում է։ Բոլսոնարուն մնում է վերակենդանացման բաժանմունքում, նրա դուրսգրման ժամկետը որոշված չէ։





























