Հայաստանը չի կարող ուղղակիորեն ազդել TRIPP-ի շուրջ ընթացող բոլոր գործընթացների վրա։ Այս մասին նոյեմբերի 25-ի քննարկման ժամանակ հայտարարել է Ռումինիայում Հայաստանի նախկին դեսպան, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։
Նա պարզաբանել է, որ TRIPP-ի շուրջ իրադարձությունների ընթացքը կարող է փոխվել ԱՄՆ-ի ներքաղաքական զարգացումների հետևանքով, իսկ դրանց վրա Հայաստանն ազդել չի կարող։ Այդուհանդերձ, նրա կարծիքով, նախագծի շուրջ երկկուսակցական համաձայնությունը պահպանվում է։
«Ընդ որում, Հայաստանը կարող է իրագործել այն, ինչ կախված է իր ներքին գործընթացներից», — նշել է փորձագետը։ Նրա գնահատմամբ՝ TRIPP նախագիծն արդեն կատարել է ու շարունակում է կատարել տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու իր դերը։
Ռիսկերը կառավարելու համար Մինասյանը կարևորել է ակտիվ աշխատանքը տարածաշրջանային ու արտատարածաշրջանային բոլոր դերակատարների, այդ թվում՝ Չինաստանի, Հնդկաստանի և Եվրամիության հետ, որպեսզի մեծանա նախագծի նկատմամբ նրանց հետաքրքրվածությունը։
Նա չի բացառել, որ Սահմանադրությանն առնչվող զարգացումները կապված կլինեն հնարավոր արտահերթ ընտրությունների հետ։ «Առավել հավանական սցենար է թվում այն, որ Հայաստանի Սահմանադրության շուրջ ընթացող գործընթացների հետ կապված արտահերթ ընտրություններ կանցկացվեն», — ընդգծել է քաղաքագետը։





























