Սահմանադրության նախագծի քննարկումների ժամանակ հենց ՆԳՆ–ն այդ առաջարկը ներկայացրել և ես ուրախ եմ, որ վերջնական հրապարակված տարբերակում կա այդ կարգավորումը։ Այս մասին, այսօր՝ նոեմբերի 24–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով նրան, որ նոր սահմանադրության նախագծում կա դրույթ, ըստ որի սահմանադրական կարգի և պետության անվտանգության դեմ հանցագործությունների ժամանակ կարող են դատարանով մարդուն զրկել ՀՀ քաղաքացիությունից։
«Գաղափարի շուրջ դեռ պիտի քննարկման դաշտ բացենք, բայց քաղաքացիությունից զրկելու ինստիտուտ տարբեր երկրներ հենց այդ խումբ հանցագործությունների մասով ունեն նախատեսված, որովհետև տվյալ պայմաններում անձը, կարելի է ասել, այնպիսի վտանգավորություն ունի, որ պետությունները բարձրացնում են այն հարցը, արդյո՞ք իրենք պիտի շարունակեն կապ ունենալ տվյալ անձի հետ, տալ քաղաքացուն բնորոշ իրավունքների կամ պարտականությունների ծավալ սահմանել, թե ոչ։
Բայց այստեղ տարբեր շերտեր կան, նույն իրավիճակը երկքաղաքացիների մասով կիրառման տրամաբանության մեջ, նույն իրավիճակը ընդամենը մեկ երկրի քաղաքացիություն ունեցող անձանց նկատմամբ կիրառելու տրամաբանության մեջ։ Ես կարծում եմ, դեռևս ժամանակ կունենանք քննարկելու, որպեսզի հասկանանք կարգավորումները»,–ասաց նա։
Նախարարը հավելեց, որ այսդ դրույթը ներառելով կոնկրետ որևէ մեկին նկատի չունեն. «Հարցը գաղափարական է, որովհետև մեր գործող սահմանադրությունը չի տալիս քաղաքացիությունից զրկելու հնարավորություն։ Եթե հիմա քաղաքացիության մասին օրենքով նախատեսենք զրկման ինստիտուտ, դա կլինի հակասահմանադրական։ Սա է պատճառը, որ մենք սահմանադրության տեքստում ենք առաջարկում նմանատիպ հնարավորություն նախատեսել, որպեսզի հետո քաղաքացիության մասին օրենքում կարողանանք փոփոխություններ անել և ընթացակարգը նախատեսել։
Մենք ընդունում ենք, որ երկու շերտ գոյություն ունի՝ երկքաղաքացիների մաս և քաղաքացիներ, որոնք միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեն։ Սրա կողքին ունենք նաև միջազգային պարտավորություն, որ պետությունները պիտի ամեն ինչ անեն, որ առանց քաղաքացիության անձինք, որպես այդպիսին, չլինեն գլոբալ մակարդակով։ Այս բոլոր շերտերը բնականաբար գիտակցում ենք, հասկանում ենք, ունենք նաև մեր կողքին միջազգային պրակտիկա այս մասով, քննարկումներով կգնանք առաջ, կհասկանանք, թե վերջնական կարգավորումը ինչպիսի՞ կստացվի։
Բայց անհոգ եղեք, չի նախատեսվելու այնպիսի մի բան, որը լինի հակասահմանադրական կամ չհամապատասխանի մեր միջազգային պարտավորություններին»։
Արփինե Սագսյանը նկատեց, որ այսօր էլ ՀՀ–ում կան անձինք, որոնք չունեն քաղաքացիություն կամ փախստական են համարվում. «Դա չի նշանակում, որ իրենք Հայաստանի Հանրապետությունում չեն կարող ապրել կամ օգտվել տարբեր ծառայություններից»։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 23-ին հրապարակված ՀՀ նոր Սահմանադրության նախագծի 20-րդ հոդվածով առաջարկվում է վերացնել քաղաքացիությունից զրկելու բացարձակ արգելքը: Նախագծի համաձայն՝ անձը կարող է զրկվել ՀՀ քաղաքացիությունից միայն դատարանի որոշմամբ և օրենքով նախատեսված դեպքերում, օրինակ՝ Սահմանադրական կարգի հիմունքների կամ պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կատարման հիմքով:





























