Ինձ համար մեծ պատիվ է այսօր Կոտրոչենի նախագահական նստավայրում հյուրընկալել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին. բարի գալուստ Ռումինիա։ Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը։
«Հայաստանը և Ռումինիան ընդհանուր նաև դիվանագիտական հարաբերությունների բարեկամության պատմություն ունեն, իսկ այսօր մենք ստորագրեցինք ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիրը, որը նշանակում է, որ մենք էլ ավելի հավակնոտ ենք մեր հետագա հարաբերությունների հարցում։
Հայաստանը հատուկ դեր ունի այն երկրների շրջանում, որոնց հետ Ռումինիան ռազմավարական գործընկերության համաձայնագրեր է ստորագրել՝ հատկապես հաշվի առնելով Ռումինիայում հայկական համայնքի դերը։ Հայկական համայնք, որը պատմություն ունեցող համայնք է և էական կարևորություն ունի մեր պատմության, մեր երկրի սոցիալ-մշակութային կյանքում։
Թույլ տվեք մի քանի ռումինացիների անուններ տալ, որոնք ծագումով հայեր են: Նախ և առաջ Սպիրու Հարեթը: Իմ կարծիքով նա Ռումինիայի ամենակարևոր քաղաքական գործիչներից մեկն է։ Նաև Կարապետ Իբրըիլյանու, Գերգե Ասաքի, Աննա Ասլան, Գրիգոր Զամբախչյան, Վիրջիլ Մաջարու, գեներալ Հակոբ Զատիկ։
Այսօր մենք հետևողական քննարկում ծավալեցինք Հայաստանի վարչապետի հետ, որը վերաբերում է մեր հարաբերությունների ապագային, մեր միջև ինստիտուցիոնալ համագործակցությանը։ Մենք նաև խոսեցինք այն գերազանց տնտեսական հնարավորությունների մասին, որը կա մեր երկու երկրների համար՝ հատկապես հաշվի առնելով մեր երկկողմ հարաբերությունները։
Մենք խոսեցինք կոնկրետ խնդիրների մասին, օրինակ համագործակցություն ՏՏ ոլորտում, ինչպես նաև մենք քննարկեցինք Հայաստանի Հանրապետության և ԵՄ հարաբերությունների սերտացման հարցը, որին Ռումինիան հետևողականորեն աջակցում է»,– հայտարարեց նա։
Ռումինիայի նախագահի խոսքով՝ Հայաստան–ԵՄ երկխոսության բոլոր փուլերում իրենք աջակցում են Հայաստանին՝ վիզաների ազատականացում, համագործակցության ամրապնդում, անվտանգային ինստիտուցիոնալ դիմակայություն, ինստիտուցիոնալ բարեփոխումներ, էներգետիկ ենթակառուցվածքներ, և այլն։
«Ռումինիան ներկայացված է այդ թվում նաև Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության շրջանակներում և թույլ տվեք իմ աջակցությունը վերահաստատեմ ցանկացած հարցում որ կարող եմ օգտակար լինել Հայաստանին և Հայաստան ԵՄ հարաբերությունների սերտացման գործընթացին։
Մենք խոսեցինք նաև տարածաշրջանում իրավիճակի մասին. Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի հանձնառությունը, մի կողմից ապահովելով անվտանգություն և կայունություն Հարավային Կովկասի տարածաշրջանում, մյուս կողմից զարգացնելով և առաջ մղելով տարածաշրջանային փոխկապակցվածությունը, որը նաև բխում է Ռումինիայի անվտանգային շահերից, որպեսզի Հարավային Կովկասը լինի կայուն, անվտանգ, ինչպես նաև տնտեսական առումով զարգացած։
Մեզ համար շատ կարևոր է հարաբերություններ ունենալ Կովկասի տարածաշրջանի հետ, որպեսզի կարողանանք իրապես խթանել մեր տնտեսական համագործակցությունը հանուն երկու տարածաշրջանների բնակիչների, քաղաքացիների բարեկեցության։ Հետևաբար, սա շատ կարևոր այց էր, որը հնարավորություններ է տալիս հետագա համագործակցության»,–ասաց նա։





























