ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում իրավապահները ձերբակալել են 37-ամյա Լեոնարդ Մայքլ Ֆիեռոյին, որը, ըստ տեղի դատախազության, ԱՄՆ իշխանությունների դեմ բռնի հեղափոխության կոչեր է արել և սպառնացել ոստիկանության աշխատակիցներին։
«Նա սոցիալական ցանցերն օգտագործել է ԱՄՆ ներգաղթի և մաքսային ոստիկանության (ICE) աշխատակիցների նկատմամբ բռնության սպառնալիքներ հնչեցնելու, պետական օբյեկտների վրա զինված հարձակումների կոչեր անելու և մարդկանց ԱՄՆ իշխանությունների դեմ բռնի հեղափոխության մասնակցելու դրդելու համար», — ասվում է դատախազության հաղորդագրության մեջ։
Ըստ դատախազության՝ սոցիալական ցանցերում իր գրառումներից մեկում Ֆիեռոն կոչ է արել հավաքվել Կոնգրեսի, Սպիտակ տան և պետական այլ հաստատությունների մոտ, «զենք վերցնել» և «տապալել» կառավարությունը։ Նա նաև կոչ է արել գրոհել անօրինական ներգաղթյալների պահման համար նախատեսված բանտերից մեկը։
Ֆիեռոյին մեղադրանք է առաջադրվել միջնահանգային հաղորդակցության միջոցներով սպառնալիքներ տարածելու համար։ Մեղավոր ճանաչվելու դեպքում նրան սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում։





























