Կենցաղային բռնության վերաբերյալ ՀՀ վարչապետի տիկնոջ օրենսդրական նախաձեռնությունը կորցրել է իր արդիականությունը։ Այս մասին նոյեմբերի 24-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։ Նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ քննարկվում էր «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաև հարակից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթը։
Պատգամավորը, մասնավորապես, հիշեցրել է, որ այդ առաջարկի նախաձեռնողը Աննա Հակոբյանն էր (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը – խմբ.)։ Նրա խոսքով՝ որպես մասնավոր անձ, Աննա Հակոբյանը օրենսդրական այդ նախաձեռնությունն Ազգային ժողովում քննարկման դնելու համար պետք է հավաքեր ՀՀ քաղաքացիների 50 000 ստորագրություն։ Սակայն օրենքի այդ պահանջը շրջանցվել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կին պատգամավորների ներկայացրած նախաձեռնության շնորհիվ։
«Աննա Հակոբյանի հետաքրքրությունների շրջանակն էլ է փոխվել. հիմա նա զբաղվում է մայրաքաղաքի երթևեկության կազմակերպմամբ և կոչ է անում կին վարորդներին սուլիչներով ազդանշան տալ։ Եթե նախկինում հազարավոր քաղաքացիներ նրան գրում էին ընտանեկան բռնության մասին, ապա հնարավոր է՝ հիմա նույն այդ հազարավոր քաղաքացիները սկսել են գրել խցանումների մասին։ Մի խոսքով, վերջին շրջանում նախկին թեմայի նկատմամբ Հակոբյանի հետաքրքրությունը մարել է», — հեգնանքով նշել է Ղազարյանը։
Դիմելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր և օրենսդրական նախաձեռնության համահեղինակ Զարուհի Բաթոյանին՝ Ղազարյանը, մասնավորապես, հետաքրքրվել է, թե արդյոք նա չի՞ կարծում, որ նախագիծն առհասարակ պետք է հետ կանչել, քանի որ գործող օրենսդրությունն արդեն նախատեսում է այդ բացասական երևույթի դեմ պայքարի մեխանիզմներ։
Բաթոյանը, ինչպես և սպասվում էր, բացասական պատասխան է տվել։
Հանձնաժողովի նախագահ, «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն իր հերթին նշել է, որ օրինագիծը զգալիորեն փոփոխվել է։
«Այն 80%-ով տարբերվում է նախնական տարբերակից», — ընդգծել է պատգամավորը։
Բացի այդ, նա նշել է, որ փաստաթուղթը ներկայացվել է նիստի մեկնարկից ընդամենը 20 րոպե առաջ, ինչի պատճառով հանձնաժողովի անդամները պարզապես չեն հասցրել ծանոթանալ մանրամասներին։
Ի պատասխան՝ նախագծի համահեղինակ Զարուհի Բաթոյանը հավաստիացրել է, որ նոր փոփոխությունները հիմնականում ընթացակարգային բնույթ ունեն։ Միևնույն ժամանակ նա հավելել է, որ առաջարկվող փոփոխություններն ուղղված են տուժողի պաշտպանությունն ուժեղացնելուն, կողմերի հաշտեցման ընթացակարգը բացառելուն, մեղավորին պատասխանատվության ենթարկելուն, տուժողի կրկնակի հարցաքննությունները կանխելուն, ինչպես նաև մեղավորի նկատմամբ տնային կալանքը որպես խափանման միջոց արգելելուն։ Ընդ որում՝ հատկապես այն դեպքերում, երբ նա համատեղ է բնակվում տուժողի հետ։ Պատգամավորի խոսքով՝ դա անհրաժեշտ է զոհին լրացուցիչ տրավմայից զերծ պահելու համար։ Նախատեսվել են նաև մեղավորի վերականգնմանն ուղղված միջոցներ։
Նախագծով նախատեսվում է նաև, որ դեպքի վայր ժամանելիս ոստիկանության աշխատակիցը պետք է կրծքին ամրացված տեսախցիկ ունենա։ Նախաձեռնության հեղինակների կարծիքով՝ դա թույլ կտա հավաքել հետագա քննության համար անհրաժեշտ փաստերն ու ապացույցները։
Բավական երկար քննարկումներից հետո օրենսդրական նախաձեռնությունը կրկին ստացել է ԱԺ մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը։





























