Երեխաների համար սոցցանցերի դաշնային սահմանափակումներից հետո Հարավային Ավստրալիա նահանգի իշխանությունները որոշել են պետական դպրոցների կրտսեր դասարաններից հանել պլանշետներն ու նոութբուքերը, իսկ ավելի բարձր դասարանների աշակերտների համար փորձարկել շաբաթական մեկ «առանց էկրանների օր»։ Այս մասին հաղորդում է ABC հեռուստառադիոընկերությունը։
Արգելքն ուժի մեջ կմտնի 2027 թվականին նահանգի բոլոր պետական տարրական դպրոցներում և կվերաբերի նախապատրաստականից մինչև երկրորդ դասարանի աշակերտներին։ Երրորդից վեցերորդ դասարանների աշակերտների համար շաբաթական մեկ «առանց էկրանների օրը» կես տարով կներդրվի 10 դպրոցում։ Միևնույն ժամանակ, հաշմանդամություն կամ կրթական առանձնահատուկ կարիքներ ունեցող երեխաների համար բացառություններ են նախատեսված։
Իշխանությունների խոսքով՝ սահմանափակումների պատճառներից մեկը ձեռագիր գրելու հմտությունները բարելավելու ձգտումն է։ Մասնավորապես, երրորդ և չորրորդ դասարանների աշակերտների համար ձեռագրի առանձին ծրագիր կներդրվի։ Իշխանությունները նաև աստիճանաբար կհրաժարվեն այն պրակտիկայից, երբ աշակերտները դասի են բերում սեփական սարքերը։ Դրանց կփոխարինեն դպրոցների տրամադրած սարքերը, որոնք միացված են նահանգի կրթության նախարարության պաշտպանության համակարգին։
Ավստրալիայում երեխաների համար սոցցանցերի դաշնային սահմանափակումներն ուժի մեջ են մտել 2025 թվականի դեկտեմբերի 10-ին։ Այն հարթակները, որոնց վրա տարածվում է այդ կարգավորումը, պարտավոր են խելամիտ միջոցներ ձեռնարկել, որպեսզի 16 տարեկանից փոքր օգտատերերը չկարողանան օգտահաշիվներ ստեղծել կամ պահպանել։




























