Խափանման միջոց ընտրում է դատարանը, ես չեմ դա որոշում։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 24–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով նրան, որ մի կողմից իշխանությունները հայտարարում են քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասին, մյուս կողմից օրեր առաջ ազատ արձակվեցին «օրենքով գողեր» Զապն ու Օշականցի Գևորիկը։
«Ես ինքս խնդիր տեսնում եմ այդտեղ, թե օպերատիվ իրավիճակի տեսանկյունից, թե ընդհանուր առմամբ նաև այն տվյալների, որոնք վարույթ իրականացնող մարմինները՝ օպերատիվ մարմինների հետ հավաքագրում են և ներկայացնում են դատարան։ Ես կարծում եմ՝ դրան այլընտրանք ուղղակի լինել չի կարող, մենք շարունակելու ենք օպերատիվ աշխատանքը և շարունակելու ենք հավաքել բոլոր այն փաստական տվյալները, որոնք ուղղակի որոշման կայացման համար լիազորություն ունեցող անձանց ուղղակի այլ տեղ չեն թողնի, և այն երկակի մեկնաբանությունները կամ երկակի իրավիճակները, որ մենք որպես քաղաքացի կարող ենք տեսնել, դրանք կբացառվեն։ Ես չեմ ուզում մտնել որևէ դատավորի գնահատման տիրույթ և մեկնաբանել որևէ կոնկրետ գործով որոշումը»,–ասաց նա։





























