Հռոմի հանգուցյալ պապ Ֆրանցիսկոսն իր անձնական օրագրում նկարագրել է տեսիլքներ՝ նշելով, որ տեսել է դժոխքի դարպասները և երեք անգամ՝ սատանային։ Այդ գրառումներից հատվածներ են հրապարակվել «Հռոմի Ֆրանցիսկոս պապի հոգևոր օրագիրը» գրքում, որից մեջբերումներ է ներկայացրել AGI գործակալությունը։

«Ես նկատեցի, որ դևը լկտիաբար շրջում էր՝ նենգորեն սավառնելով երկնքում», — գրված է օրագրում։

Ֆրանցիսկոս պապը դեռ կենդանության օրոք ցանկություն էր հայտնել հրապարակել օրագիրը։ Այդ նպատակով նա դիմել էր կարդինալ Վիկտոր Մանուել Ֆերնանդեսին՝ խնդրելով աջակցել հրատարակմանը։ Ֆերնանդեսը կատարել է հանգուցյալ քահանայապետի կամքը՝ ստանալով Կաթոլիկ եկեղեցու ներկայիս ղեկավար Լևոն XIV-ի թույլտվությունը։

2021 թվականի հունվարի 24-ի գրառման մեջ քահանայապետը նկարագրում է սատանայի հետ առաջին հանդիպումը, որն, իր խոսքով, տեղի էր ունեցել «մոտ տասնհինգ տարի առաջ»։

«Ես նրան տեսա ավտոմեքենայի պատուհանից։ Չեմ մոռանում նրա սպառնալից և միաժամանակ գայթակղիչ աչքերը», — գրել է նա։

Ըստ օրագրի՝ երկրորդ դեպքը տեղի է ունեցել կարմելիտների մատուռում, որտեղ դևի աչքերը «հրեղեն» էին։ Երրորդ հանդիպումը քահանայապետը նկարագրել է որպես Հռոմում ունեցած տեսիլք։

«Ես տեսա նրան և լսեցի նրա ձայնը՝ հաղթական, ամենազոր։ <...> Չեմ կարող մոռանալ նրա ձայնի հզոր խռպոտությունը», — նշել է քահանայապետը։

Օրագրի համաձայն՝ Ֆրանցիսկոս պապը դժոխքի դարպասները տեսել է 2018 թվականի հունիսի 7-ին՝ քնելուց առաջ։ Նա այդ տեսիլքն անվանել է «հեթանոսական գայթակղություն» և նշել, որ դրանից ազատվելու հարցում իրեն օգնել է աղոթքի համրիչը։

Գիրքն ընդհանուր առմամբ նվիրված է հոգևոր որոնումներին։ Օրագրում քահանայապետն անդրադառնում է նաև սեփական թերություններին՝ իրեն քննադատելով հպարտության և նախանձի համար, ինչպես նաև կիսվում է բարու և մարդասիրության մասին մտորումներով։