Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Քաղաքացիական հասարակության զարգացման և մարդու իրավունքների խորհրդի կազմը փոփոխելու մասին, հայտնում է «Կոմերսանտը»։
Խորհրդի կազմից հեռացվել են ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովը, փաստաբան Վլադիմիր Ռյախովսկին, գրող Մաքսիմ Զամշևը և Պացիենտների համառուսաստանյան միության համանախագահ Յան Վլասովը։ Խորհրդի նոր անդամ է դարձել հեռուստահաղորդավարուհի Տուտտա Լարսենը (Տատյանա Ռոմանենկո)։
Սոկուրովը խորհրդի անդամ էր 2018 թվականից։ Անցյալ տարի խորհրդի նիստում ռեժիսորը Պուտինին մի քանի հարց էր ուղղել, այդ թվում՝ օտարերկրյա գործակալների մասին օրենսդրության և գրաքննության վերաբերյալ։ Նա նաև հայտարարել էր, որ «քաղաքական քննարկումների ընթացակարգի բացակայությունը» «շատ լուրջ հարված է հասցնում բազմաթիվ մարդկանց ճակատագրերին»։
Հունվարին Սոկուրովը դուրս էր եկել նաև Կինեմատոգրաֆիայի զարգացման խորհրդի կազմից։ Նրա հետ այդ մարմնից դուրս էին եկել ռեժիսոր Վալերի Տոդորովսկին, մշակույթի հարցերով ՌԴ նախագահի նախկին խորհրդական Վլադիմիր Տոլստոյը և այլ անդամներ։
Կինեմատոգրաֆիայի զարգացման խորհրդի կազմում փոփոխությունները Սոկուրովը բացատրել էր ռոտացիայի անհրաժեշտությամբ և հայտարարել, որ երբեք չի մասնակցել այդ խորհրդի աշխատանքներին։





























