Հարավային Կորեայի իշխանությունները երեքշաբթի հայտնել են, որ ռուսական մի քանի ռազմական ինքնաթիռներ մտել են երկրի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) նույնականացման գոտի, հաղորդում է AFP-ն։ Ավելի ուշ զինվորականները հստակեցրել են, որ երկրի օդային տարածքը չի խախտվել։
Իշխանություններն այդպիսով ուղղել են նախնական արտակարգ հաղորդագրությունը, որում խոսվում էր հյուսիսկորեական օդանավի ներխուժման մասին։
Հյուսիսկորեական ռազմական ինքնաթիռի կողմից Հարավային Կորեայի օդային տարածքի խախտումը կարող էր զգալիորեն սրել լարվածությունը երկու երկրների միջև, որոնք պաշտոնապես մինչ օրս պատերազմական վիճակում են։
Սխալ նախազգուշացումը տարածվել է երկու Կորեաների խիստ ամրացված սահմանին իրավիճակի սրման ֆոնին։ Վերջերս ապառազմականացված գոտում (ԱՌԳ) ականի պայթյունից երեք հարավկորեացի զինծառայող էր տուժել։
Երեքշաբթի՝ տեղական ժամանակով ժամը 08:00-ին (Գրինվիչի ժամանակով՝ երկուշաբթի ժամը 23:00-ին), Հյուսիսային Կյոնսան նահանգի Ուլինդո կղզում օդային տագնապ էր հայտարարվել։ Արտակարգ հաղորդագրության մեջ նշվում էր, որ «ենթադրաբար հյուսիսկորեական ինքնաթիռը լքել է վտանգավոր գոտին»։
«Ուլին շրջանում օդային տագնապը չեղարկվել է ժամը 7:58-ին։ Խնդրում ենք վերադառնալ ձեր առօրյա գործերին», — ասված էր ծանուցման մեջ։
Մոտ 40 րոպե անց նահանգի իշխանությունները հրապարակել են ուղղումը։
«Օդային գոտին խախտած ինքնաթիռները ռուսական են եղել։ Հայտնում ենք, որ խոսքը ռուսական ինքնաթիռների մասին է», — հայտարարել են նրանք՝ չբացատրելով սխալի պատճառը։
Հարավային Կորեայի մի շարք խոշոր լրատվամիջոցներ նախնական նախազգուշացման հիման վրա հրատապ լուրեր էին տարածել, այնուհետև ուղղել իրենց հրապարակումները։
Ավելի ուշ հարավկորեացի զինվորականները հստակեցրել են, որ ռուսական ինքնաթիռները չեն խախտել երկրի օդային տարածքը, իսկ հյուսիսկորեական օդանավերը չեն մասնակցել միջադեպին։
«Որոշ լրատվամիջոցների հաղորդումներն այն մասին, թե «թռչող սարքը, որը ենթադրաբար հյուսիսկորեական ինքնաթիռ է, խախտել է Հարավային Կորեայի օդային տարածքը», չեն համապատասխանում իրականությանը», — նշված է զինվորականների կարճ հայտարարության մեջ։
Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ռուսական ինքնաթիռները մտել են Արևելյան ծովի (հայտնի է նաև որպես Ճապոնական ծով) վրա գտնվող հարավկորեական ՀՕՊ նույնականացման գոտի (KADIZ), ապա լքել այն։ Այդ ընթացքում հարավկորեական ուժերը պատասխան ռազմական միջոցներ են ձեռնարկել, այդ թվում՝ օդ բարձրացրել կործանիչներ։
Ավելի ուշ նախարարությունից հայտարարել են, որ ռուսական ռազմական ինքնաթիռները «ընդհուպ մոտեցել են մեր օդային տարածքի սահմանին», ուստի նախազգուշացումը տարածվել է կանխարգելիչ նպատակով։
Գերատեսչության ներկայացուցիչ Չոն Բիննան լրագրողներին հայտնել է, որ օրվա երկրորդ կեսին նախարարությունը մտադիր է կանչել Ռուսաստանի ռազմական կցորդին՝ միջադեպի կապակցությամբ Մոսկվային «վճռական բողոք» հայտնելու համար։
ՀՕՊ նույնականացման գոտին պետության ինքնիշխան օդային տարածք չէ։ Այն բուֆերային գոտի է, որի սահմաններում երկրներն անվտանգության նպատակով նույնականացնում են մոտեցող օդանավերը։
Որպես կանոն՝ ակնկալվում է, որ ռազմական ինքնաթիռները նախքան որևէ երկրի ՀՕՊ նույնականացման գոտի մտնելը կծանուցեն այդ երկրին, սակայն միջազգային իրավունքը նրանց չի պարտավորեցնում դա անել։





























