Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պնդմամբ, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», անխոչընդոտ հաղորդակցություն կապահովի Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև, ինչպես նաև կնպաստի Թուրքիայի հետ ուղիղ ցամաքային տրանսպորտային կապերի ընդլայնմանը։ Այս մասին ասվում է «Մետաքսի ճանապարհի վերածնունդը» թեմայով Միջազգային կովկասյան կոնգրեսի մասնակիցներին ուղղված նրա ուղերձում։
Ալիևը նշել է, որ, իր գնահատմամբ, Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումը տարածաշրջանը վերածել է միջազգային տրանսպորտային միջանցքների և տնտեսական համագործակցության տեսանկյունից ռազմավարական նշանակություն ունեցող տարածքի։
Ուղերձում նաև նշվում է, որ ընդհանուր արմատների և եղբայրության վրա հիմնված ադրբեջանա-թուրքական հարաբերությունները Շուշիի հռչակագրի ստորագրումից հետո հասել են դաշնակցային մակարդակի։
Ալիևի խոսքով՝ Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ իրականացրած լայնածավալ նախագծերը հիմնովին փոխել են Հարավային Կովկասի և ամբողջ Եվրասիական տարածաշրջանի տրանսպորտային, էներգետիկ ու հաղորդակցային քարտեզը։ Նա նշել է, որ երկու երկրներն իրենց աշխարհագրական շահավետ դիրքի շնորհիվ կամրջի դեր են խաղում Եվրոպայի և Ասիայի միջև։
Ալիևը վստահություն է հայտնել, որ Միջազգային կովկասյան կոնգրեսը կարևոր հարթակ կդառնա տարածաշրջանի զարգացման հեռանկարներն ու Մետաքսի ճանապարհի վերականգնման հնարավորությունները քննարկելու համար, ինչպես նաև կնպաստի խաղաղության, կայունության և փոխադարձ վստահության ամրապնդմանը։





























