Սևծովյան տարածաշրջանի անվտանգային իրավիճակն ազդում է նաև առևտրային կապերի և հարաբերությունների վրա, որովհետև առնվազն ապահովագրության ծառայությունների գներն են աճում, Սևծովյան տարանցիկ ապրանքաշրջանառության համար, որը բնականաբար նաև ազդում է առհասարակ գների վրա, ինչպես նաև ապախրախուսում է Սևծովյան տարանցիկ բեռների փոխադրումը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 24–ին, Բուխարեստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նշեց Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը։
«Հետևաբար շատ կարևոր է ունենալ Եվրոպայում Սևծովյան տարածաշրջան և առհասարակ խաղաղություն, որովհետև հենց այս ուղղությամբ է նաև ջանքեր ներդնում Ռումինիան»,–ասաց նա։
Իր հերթին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Իհարկե, Սև ծովը, ըստ էության, Հարավային Կովկասի և Եվրոպայի միջև, և մասնավորապես Ռումինիայի միջև կամուրջը, և ինչքան լարվածությունը մեծ է այնտեղ, բնականաբար դա չի կարող ազդեցություն չունենալ ընդհանուր տնտեսական կլիմայի վրա։
Բայց մենք նաև դա էինք քննարկում, որ այնուամենայնիվ X պահից, համոզված ենք, որ Սև ծովը վերադառնալու է համագործակցության տարածքի տրամաբանությանը, և իմ նշած նախագծերը շատ ավելի արդյունավետ կլինեն, նույն «խաղաղության խաչմերուկ» նախագիծը, հատկապես հարավ-հյուսիս ուղղությամբ, շատ դժվար է պատկերացնել նրա ամբողջ պոտենցիալի իրագործումը առանց Սև ծովում լիակատար կայունության։
Այսօր ուղիները, իհարկե, վտանգված են, անվտանգության խնդիր կա։ Ցավոք ժամանակ առ ժամանակ լուրերում հայտնվում են Սև ծովում տեղի ունեցած միջադեպերի մասին տեղեկություններ, ինչը, իհարկե, անհանգստացնող է և ապրանքաշրջանառության, տնտեսության վրա նեգատիվ ազդեցություն է ունենում։
Իհարկե, լավ լուրն այն է, որ մենք Ռումինիայի հետ ապրանքաշրջանառության այլընտրանքային ուղի այսօր ունենք, ցամաքային ուղի ունենք, որը կարող է լիարժեք գործել, խոսքը Հայաստան, Վրաստան, Թուրքիա և Բուլղարիա, Ռումինիա ուղու մասին է, որ նախկինում չի եղել։
Իհարկե, կան վատ լուրեր և ակնհայտորեն Սև ծովի հետ կապված լուրերը անհանգստացնող են։
Հայաստանում բիզնեսը ավելի սովոր է արտահանել ցամաքային ճանապարհով, բեռնատարներով։ Այսինքն մեր բիզնեսի համար ծովային ուղիները այդքան ծանոթ և առօրյա չեն, մեր բիզնեսի համար առավել առօրյա է բեռնատարներով արտահանումը, և այս պարագայում, քանի որ արդեն մի քանի ամիս Թուրքիայի ճանապարհները բաց են Հայաստանից արտահանում և Հայաստան ներմուծում իրականացնելու համար, զուգահեռ լավ լուր կա, մասնավորապես մեր երկկողմ առևտրաշրջանառության հնարավորության առումով, որ Հայաստանի բիզնեսի համար ավելի սովորական ցամաքային ճանապարհ կա, որը կարելի է օգտագործել»։











