Նոյեմբերի 16-ին իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում (e-draft.am) հրապարակվել է ՀՀ արդարադատության նախարարության (ԱՆ) հեղինակած նախագիծ, որով նախատեսվում է սահմանել վիրավորանքի և զրպարտության հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման համապատասխանաբար 1․000․000 ՀՀ դրամ և 2․000․000 ՀՀ դրամ նվազագույն սահմանաչափեր։
Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի գնահատմամբ, նախագիծն ուղիղ հակասում է ՀՀ Սահմանադրական դատարանի տևական դիրքորոշմանը և չի բխում արտահայտման ազատության նկատմամբ միջամտություններում համաչափության սկզբունքի պահպանման անհրաժեշտությունից։ Վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցում սահմանելու անհրաժեշտության դեպքում դատարանները ստիպված են լինելու կիրառել Հայաստանում միջին աշխատավարձի համապատասխանաբար առնվազն եռապատիկի կամ վեցապատիկի չափով գումար։
Արտահայտման ազատության վաթտարացող վիճակի և համապարփակ հակա-SLAPP օրենսդրության բացակայության պայմաններում նախագծի՝ օրենքի ուժ ստանալու պարագայում արտահայտման ազատությունը կարող է անհամաչափ սահմանափակվել:
Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնն առաջարկում է չներկայացնել նախագիծը ՀՀ Ազգային Ժողով կամ առկա խմբագրությամբ ներկայացնել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին և Վենետիկի հանձնաժողովին՝ կարծիք ստանալու նպատակով։
Մանրամասները հասանելի են հատուկ զեկույցում։
Կենտրոնից հայտնում են, որ այս հատուկ զեկույցի անգլերեն տարբերակն ուղարկվել է է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենին, Կարծիքի և արտահայտման ազատության խթանման ու պաշտպանության հարցերով, Իրավապաշտպանների վիճակի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողներին, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներին, ինչպես նաև արտահայտման ազատության ոլորտում մասնագիտացած իրավապաշտպան կազմակերպություններին։





























