Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի միջազգային հարցերի կոմիտեի ղեկավար Աբբաս Գոլրուն Թեհրանի հակառակորդներին նախազգուշացրել է սխալ հաշվարկներ թույլ չտալ՝ հայտարարելով, որ Իրանի դեմ հնարավոր նոր պատերազմը սկզբունքորեն կտարբերվի նախորդ հակամարտություններից։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։

Նրա խոսքով՝ նման դեպքում աշխարհը ստիպված կլինի «հրաժեշտ տալ նավթին»։

Mehr-ին տված հարցազրույցում Գոլրուն նշել է, որ Իրանի ռազմական և քաղաքական հակառակորդները չպետք է թերագնահատեն երկրի հնարավորությունները։ Ըստ պատգամավորի՝ ռազմական և ուժային կառույցների՝ հանձնաժողովին ներկայացրած զեկույցները վկայում են երկրի պաշտպանական ներուժի աճի մասին։ Նա ընդգծել է, որ Իրանը դասեր է քաղել նախորդ պատերազմներից և պատրաստվել հնարավոր նոր ռազմական գործողություններին։

Նախապատրաստությունն ընդգրկում է տարբեր ուղղություններ, այդ թվում՝ հակաօդային պաշտպանությունը, հրթիռային կարողությունները, ռազմածովային ուժերը և ցամաքային գործողությունները։ Գոլրուի խոսքով՝ զինված ուժերն այս ուղղություններով գործում են միասնական համակարգի շրջանակում։

Նա նաև հայտնել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Ալի Աբդոլլահիի հետ վերջերս ունեցած հանդիպման մասին։ Հանդիպմանը մանրամասն քննարկվել են Իրանի հակառակորդների, այդ թվում՝ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական պատրաստությունները, ինչպես նաև տարածաշրջանի ու Եվրոպայի երկրների գործողությունները։ Մասնակիցները գնահատել են նաև Իրանի ռազմական ներուժը։

Գոլրուի խոսքով՝ ներկայացված զեկույցներն ու գնահատականները վկայում են բարենպաստ իրավիճակի մասին։ Նա նշել է, որ երկիրն արդյունավետ ծրագրեր է իրականացնում հակաօդային պաշտպանության ոլորտում և հատուկ ուշադրություն է դարձնում հրթիռային կարողությունների զարգացմանը։

Պատգամավորը հավելել է, որ Իրանի գերագույն առաջնորդի հետ զինվորական հրամանատարների հանդիպմանը որոշվել է ընդլայնել հնարավոր հակամարտության աշխարհագրությունը և բազմազանեցնել թիրախների ցանկը՝ թե՛ տարածաշրջանում, թե՛ դրա սահմաններից դուրս։ Նրա խոսքով՝ դա պետք է հակառակորդին ստիպի ավելի մանրակրկիտ գնահատել ռազմական գործողությունների հնարավոր կորուստներն ու հետևանքները։

Անդրադառնալով համաշխարհային տնտեսությանը՝ Գոլրուն ընդգծել է, որ պատերազմի վերաբերյալ ցանկացած հաշվարկ կատարելիս անհրաժեշտ է հաշվի առնել դրա հետևանքները համաշխարհային շուկաների և նավթային ոլորտի համար։

«Եթե ևս մեկ պատերազմ սկսվի, աշխարհը ստիպված կլինի հրաժեշտ տալ նավթին», — հայտարարել է նա՝ հավելելով, որ Իրանն ունի միջոցներ ու հնարավորություններ, որոնք կարող են ազդել տարածաշրջանային և համաշխարհային ուժերի հավասարակշռության վրա։