Մեկ շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանի լիազոր ներկայացուցչից ստացել եմ ծանուցում, որ հաղորդման թողարկումներից մեկում Նիկոլ Փաշինյանի հասցեին վիրավորանք, զրպարտանք է եղել, բարի համբավը արատավորում եմ և առաջարկում, խնդրում էին եռօրյա ժամկետում հերքել դա։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Yerevan.today–ի խմբագիր Սևակ Հակոբյանը՝ անդրադառնալով վարչապետի կողմից իրեն դատի տալու փաստին։

«Ես, ճիշտ ասած, նայեցի այդ թողարկումը, որը COP17-ի ծախսերի մասին էր, հայտի բեյջի թելի, կահույքի գնումների մասին, որոնք շատ հանգիստ շրջանառվել են ամեն տեղ, նորություն չկար դրա մեջ։ Մի խոսքով, չհասկացա՝ ինչը պետք է հերքվի, որովհետև Նիկոլ Փաշինյանի մասին այդտեղ ես ինչ-որ բան չգտա հերքելու։ Փաստաբանի հետ խորհրդակցելուց հետո նամակ ենք գրել իր լիազոր ներկայացուցչին, որ խնդրում ենք ասեք՝ ո՞րն է հերքելու ենթակա, որտե՞ղ եք խնդիր տեսնում։ Պատասխանը չստացանք, բայց էսօր մամուլում արդեն կարդացի, որ դատի է տվել»,–ասաց նա։

Հարցին՝ իր կարծիքով ո՞րն է այս քայլի նպատակը, Հակոբյանը պատասխանեց. «Նախ, ուզում եմ ասել, որ մեր նկատմամբ այս գրոհը առաջինը չէ, 2018-ին էլ նման գրոհ արդեն հաղթահարել ենք, երբ եկան, մեր տեխնիկան տարան՝ 10-ի չափ համակարգիչի պրոցեսորներ։ Մենք արդեն այս փուլով մի անգամ անցել ենք, հիմա պարզապես նոր թափ է են առել ճնշումները, ազատ խոսքի նկատմամբ նոր ճնշումներ են։ Այդ մադրը չի հանդուրժում, որ իրեն քննադատում են։

Իհարկե, 5 մլն դրամը, որ նա պահանջում է, մեծ գումար է լլրատվամիջոցի համար, բայց իմ կարծիքով, իր նպատակը ոչ թե փող աշխատելն է, այլ ուղղակի լրատվամիջոցներից վտանգ է տեսնում, և ուզում է, որ իրեն չքննադատենք»։

Սևակ Հակոբյանը հիշեցրեց երկու օր առաջ վարչապետի պահվածքը կառավարության նիստից հետո, որտեղ թիրախավորում էր լրատվամիջոցներին. «Այն նյութը, որով ինքը դիմել է, դա վիրավորանք, զրպարտանք բացարձակապես չի պարունակում, բայց իր ելույթների ճնշող մեծամասնությունը, եթե չասեմ 100% - ով, 90% և ավել, հենց վիրավորանք ու զրպարտանք է պարունակում։ Աշխարհի միակ ղեկավարն է, որի նկատմամբ վիրավորանքի զրպարտության այդքան մեծ թվով հայցեր կան, բայց փոխարենը ինքն է դատի տալիս»։

Հարցին՝ այս գործի շրչջանակում դատական համակարգից ի՞նչ ակնկալիք ունի, խմբագիրը պատասխանեց. «Այս գործի շրջանակում չեմ կարող ասել, որովհետև ոչ ես, ոչ իմ փաստաբանները չենք գտել որևէ մի կետ, որ ասենք այստեղ իրոք խնդրահարույց է, այստեղ մի քիչ պետք է զգույշ խոսեի։ Դա կախված է նրանից, թե ի՞նչ դատավորի է մակագրվելու, ուր է գնալու, որովհետև ինքը սիրում է ասել՝ կա՞ այդպիսի դատավոր, որ իմ ասածը չանի։ Ես կարծում եմ՝ կան այդպիսի դատավորներ, որ չեն անում, հիմա տեսնենք։

Փաստաբանների հետ բնականաբար պետք է խորհրդակցենք և տեսնենք՝ ինչպիսի դիրքորոշում, ինչպիսի մարտավարություն ենք որդեգրում ու այդպես էլ գնանք առաջ։ Առաջինը չենք, վստահաբար վերջինը չենք, քանի, Նիկոլ Փաշինյանը Հայաստանում վարչապետ է աշխատում, ոչ մեկ ապահովագրված չի»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատի է տվել «Yerevan Today» լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանին, «Մեդիա պլյուս» ՍՊԸ-ին և «Հայելի ակումբ» ժողովրդավարության աջակցության հասարակական կազմակերպությանը՝ պահանջելով հերքել իր հասցեին հնչեցված՝ զրպարտություն համարվող տեղեկությունները և փոխհատուցում վճարել։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

ՀՀ վարչապետը պահանջում է հերքումը հրապարակել նաև տեսաձայնագրության միջոցով՝ առանց հասանելիության ժամկետի սահմանափակման։