Իրաքի վարչապետ Ալի ազ Զաիդին կարգադրել է քրդերի վերահսկողության տակ գտնվող հանքավայրերի կառավարումը փոխանցել Նավթի նախարարությանը, հայտնում է Reuters գործակալությունը:
Այդ որոշումը կարող է մեծացնել լարվածությունը Բաղդադի և ինքնավար Քրդստանի միջև՝ նավթի մաքսանենգության և իրանամետ ազդեցիկ զինված խմբավորումների դեմ կառավարության պայքարի հետնապատկերին։
Երեքշաբթի հայտարարված կարգադրությունը տարածվում է Դիյալա, Քիրքուք, Սալահ ադ Դին և Նինվե նահանգների հանքավայրերի վրա։ Այն հաջորդել է երկրի հյուսիսում նավթի և գազի հանքավայրերը կառավարող պետական North Oil Company ընկերության օբյեկտներում մաքսանենգության դեպքերի քննությանը։
Ըստ իրավիճակին ծանոթ երեք աղբյուրների՝ կարգադրությունը, հավանաբար, տարածվում է նաև Խորմալայի՝ քրդական ուժերի պահպանության տակ գտնվող գլխավոր նավթահանքի վրա։ Զրուցակիցներից մեկը նշել է, որ քրդական իշխանությունները, հաշվի առնելով Բաղդադի հետ նախկին տարաձայնությունները, կարող են դիմադրել հանքավայրի կառավարումն իր ձեռքը վերցնելու՝ դաշնային Նավթի նախարարության փորձերին։
Քրդստանի վարչապետ Մասրուր Բարզանին մերժել է նավթային ոլորտն ու սահմանային անցակետերը դաշնային վերահսկողությանը փոխանցելու մասին կենտրոնական կառավարության որոշումները։ Ըստ նրա՝ այդ միջոցները «ոչ մի դեպքում ընդունելի չեն»։
«Նավթի և գազի մասին օրենքի բացակայությունը կարող է Քրդստանի համար պատրվակ դառնալ՝ հրաժարվելու նավթահորերի փոխանցումից։ Դա կհանգեցնի քաղաքական և սահմանադրական վեճերի այն հարցի շուրջ, թե ինչպես պետք է իրականացվեն ընդունված որոշումները»,- հայտարարել է Բաղդադում գործող քաղաքական վերլուծաբան Համզա Մուստաֆան։
Ազ Զաիդին միաժամանակ ուժեղացնում է ճնշումը «Քաթաիբ Հըզբոլլահի»՝ Իրաքի իրանամետ ամենաազդեցիկ զինված խմբավորումներից մեկի վրա, որն ունի նաև քաղաքական ազդեցություն։ Խմբավորումը մերժել է մաքսանենգության ցանցի գործունեության պաշտոնական քննության եզրակացությունները։ Ըստ քննության տվյալների՝ ցանցը մի քանի տարի շարունակ գողացված նավթի վաճառքից հարյուրավոր միլիոնավոր դոլարների եկամուտ է ստացել։ Կասկածի տակ են հայտնվել նաև բարձրաստիճան պաշտոնյաներ։
Վերահսկողության հետագա խստացման շրջանակում վարչապետը կարգադրել է սահմանային գերատեսչությանը փոխանցել Թուրքիայի, Իրանի և Սիրիայի հետ սահմանակից Քրդստանի տարածաշրջանի բոլոր անցակետերի կառավարումը։ Բացի դրանից, նա տարածաշրջանային կառավարությանը պարտավորեցրել է հում նավթի և նավթամթերքի արտահանումը համաձայնեցնել բացառապես դաշնային Նավթի նախարարության միջոցով։
Ազ Զաիդին նաև պաշտոնից ազատել է սահմանային գերատեսչության ղեկավարին, իսկ North Oil Company-ի գլխավոր տնօրենն ու նրա տեղակալները ժամանակավորապես հեռացվել են պաշտոնավարումից՝ հետագա քննության ընթացքում։
Վարչապետի գրասենյակի հայտարարության մեջ ընդգծվում է, որ կարգադրությունները հիմնված են ազգային ինքնիշխանության անբաժանելիության սկզբունքի և երկրի հարստությունները պաշտպանելու անհրաժեշտության վրա՝ վերջ դնելով մաքսանենգության բոլոր ձևերին։
Բաղդադի և քրդական իշխանությունների հարաբերությունները երկար տարիներ լարված են մնում։ 2017 թվականին քրդերն անկախության հանրաքվե անցկացրին, որը հարուցեց կենտրոնական կառավարության և տարածաշրջանային տերությունների կտրուկ հակազդեցությունը։ Քվեարկությունից հետո Բաղդադը դիմեց ռազմական և տնտեսական միջոցների՝ վերականգնելով իր վերահսկողությունը Քիրքուքի և նավթի արդյունահանման համար ռազմավարական նշանակություն ունեցող այլ տարածքների նկատմամբ։
Առանց Բաղդադի համաձայնության քրդերի կողմից նավթի վաճառքի շուրջ նախորդ վեճը հանգեցրեց դեպի Թուրքիա խողովակաշարով մատակարարումների ավելի քան երկամյա դադարեցմանը։ Կողմերը պայմանավորվեցին դրանք վերսկսել 2025 թվականի սեպտեմբերին։
Ազ Զաիդին՝ քաղաքական նշանակալի փորձ չունեցող բազմամիլիոնատեր գործարարը, ձգտում է խոշոր ներդրումներ ներգրավել Իրաք։ Սակայն, վերլուծաբանների գնահատմամբ, դրա համար երկիրը պետք է քաղաքական և տնտեսական կայունություն ապահովի, որից զրկվել է 2003 թվականին ԱՄՆ գլխավորած ներխուժումից և դրան հաջորդած զինված հակամարտություններից ու տնտեսական ցնցումներից հետո։
Անկայունության պայմաններում Իրանն աստիճանաբար ընդլայնել է իր ազդեցությունն Իրաքում՝ սերտ կապեր պահպանելով զինված խմբավորումների և ազդեցիկ շիա քաղաքական գործիչների հետ։ Միաժամանակ Իրաքը շարունակում է գործընկեր լինել թե՛ Վաշինգտոնի, թե՛ Թեհրանի համար։




























