ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները դիտարկում են Իրանի ղեկավարներին վերացնելու նպատակով թիրախային գործողություններ իրականացնելու հնարավորությունը՝ հույս ունենալով այդ կերպ վերջ դնել պատերազմին, հայտնում է NBC News-ը՝ հղում անելով ամերիկացի մի պաշտոնյայի և քննարկումների ընթացքին ծանոթ մեկ այլ զրուցակցի։

Ըստ հեռուստաալիքի աղբյուրների՝ ԱՄՆ վարչակազմի որոշ ներկայացուցիչներ կարծում են, որ Իրանի առաջնորդների վերացումը կարող է հանգեցնել հակամարտության ավարտին։

Սակայն նման մոտեցման հակառակորդները զգուշացնում են, որ նման գործողությունները կմեծացնեն ամերիկացի պաշտոնյաների դեմ Թեհրանի պատասխան գործողությունների ռիսկը։

Ինչպես նշում են հեռուստաալիքի զրուցակիցները, Իրանի ղեկավարությանը վերացնելու հնարավորությունը դիտարկվել է նաև նախկինում, սակայն վերջին շաբաթներին այս տարբերակը կրկին քննարկման առարկա է դարձել՝ պատերազմի հետագա ընթացքի վերաբերյալ Թրամփի մտորումների ֆոնին։

Այս տարվա փետրվարին իսրայելական հարվածի հետևանքով սպանվել են Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին և նրա ընտանիքի անդամները, նրանց թվում՝ Գերագույն առաջնորդի մանկահասակ թոռնուհին։