Անգլիայում 2026 թվականին շոգ եղանակի հետ է կապվել մահվան 5258 դեպք։ Սա ամենաբարձր ցուցանիշն է 2016 թվականից ի վեր, երբ Մեծ Բրիտանիայի առողջապահական անվտանգության գործակալությունը (UKHSA) սկսեց հրապարակել շոգի հետ կապված մահացության տարեկան հաշվետվությունները, հայտնում է PA Media-ն։
Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2022 թվականին, երբ շոգ եղանակի հետ էր կապվել մահվան 2985 դեպք։
2026 թվականի ամառը Մեծ Բրիտանիայում օդերևութաբանական դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում ամենաշոգն էր։ Երկրի առանձին շրջաններում մի քանի ամիս շարունակ շոգի ալիքներ էին դիտվում։ Մայիսի վերջին Լոնդոնի Քյու Գարդենս շրջանում ջերմաստիճանը հասել է 35,1 աստիճանի ըստ Ցելսիուսի՝ այս ամսվա համար դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում գրանցված առավելագույն ցուցանիշին։
Հունիսի վերջին Մեծ Բրիտանիայի օդերևութաբանական ծառայությունը, հազվադեպ բացառությունները չհաշված, առաջին անգամ ծայրահեղ շոգի պատճառով հայտարարել է վտանգի կարմիր մակարդակ։ Հունիսի 26-ին Նորֆոլք կոմսության Լինգվուդ բնակավայրում ջերմաստիճանը բարձրացել է մինչև 38 աստիճան՝ սահմանելով ամսական նոր ռեկորդ։
Հուլիսին Անգլիայում տեղացել է ընդամենը 7 մմ տեղում՝ երկարաժամկետ նորմայի մոտ 10%-ը։ Սա համապատասխան դիտարկումների սկզբից ի վեր ամենաչոր հուլիսն էր։ Օգոստոսի կեսերին Գլոսթերշիր կոմսության Հարթփուրի քոլեջում ջերմաստիճանը հասել է 38,2 աստիճանի։ Այդ օրը դարձել է տարվա ամենաշոգ օրը։
Ըստ UKHSA-ի հաշվետվության՝ շոգի հետ կապված մահվան ավելի քան 3 հազար դեպք բաժին է ընկել մայիսին և հունիսին ծայրահեղ բարձր ջերմաստիճանների ժամանակահատվածներին։ Ամենածանրը եղել է հունիսի 21-28-ն ընկած ժամանակահատվածը. այդ օրերին շոգի հետ է կապվել մահվան շուրջ 2401 դեպք։
Համեմատության համար՝ 2023 թվականին Անգլիայում շոգ եղանակի հետ է կապվել մահվան 2295 դեպք, 2024-ին՝ 1311, իսկ 2025-ին՝ 1504։
Գործակալությունում նշել են, որ շոգի վաղ ալիքները հատկապես վտանգավոր են. անսովոր բարձր ջերմաստիճաններ կարող են գրանցվել նախքան բնակչությունը, տեղական ծառայություններն ու բժշկական հաստատությունները կհասցնեն նախապատրաստվել։ Ուստի առողջության պաշտպանության միջոցառումները պետք է ձեռնարկել տաք սեզոնի հենց սկզբից, ոչ թե միայն ամռան ամենաշոգ ամիսներին։
Շրջակա միջավայրի գործոններից առողջության պաշտպանության հարցերով UKHSA-ի փորձագետ Ռոս Թոմփսոնն ընդգծել է, որ շոգը կարող է վտանգավոր լինել յուրաքանչյուրի համար, սակայն հատկապես խոցելի են տարեցները, փոքր երեխաները, հղի կանայք և խրոնիկական հիվանդություններ ունեցող մարդիկ։
Նրա գնահատմամբ՝ կլիմայի փոփոխությունն արդեն ազդում է Անգլիայի բնակիչների առողջության վրա, իսկ հետագա տաքացմանը զուգընթաց ծայրահեղ շոգի ժամանակահատվածները կարող են դառնալ ավելի տևական, հաճախակի և ինտենսիվ։
Greenpeace-ի ներկայացուցիչ Մայա Դարլինգթոնը հայտարարել է, որ շոգի ժամանակ մահվան հազարավոր դեպքերը չի կարելի պատահականություն համարել, և ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը վերագրել է քաղաքական որոշումներին։ Նա քննադատել է նավթագազային նոր նախագծերին ցուցաբերվող աջակցությունը, էլեկտրամոբիլների նկատմամբ պահանջների մեղմացումը և Հիթրոու օդանավակայանի ընդլայնման ծրագրերը՝ կոչ անելով պարտավորեցնել հանածո վառելիքի ոլորտում գործող ընկերություններին մասնակցել բնակչությանը կլիմայական փոփոխությունների հետևանքներից պաշտպանելու միջոցառումների ֆինանսավորմանը։
Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Իվետ Քուփերը ցավակցություն է հայտնել մահացածների ընտանիքներին և վիճակագրությունն անվանել մարդկանց կյանքի վրա կլիմայի փոփոխության ազդեցության ակնառու վկայություն։
Ըստ նրա՝ ինքը Առողջապահության ազգային ծառայությանը (NHS) հանձնարարել է ամառային շրջանին պատրաստվել նույնքան լրջորեն, որքան ձմռանը։ Կառավարությունը նաև նախնական 32 միլիոն ֆունտ ստեռլինգ է հատկացրել հիվանդանոցների հովացման և օդափոխության համակարգերի բարելավման համար։ Բացի դրանից, նախատեսված է մի քանի տարվա ընթացքում 1,9 միլիարդ ֆունտ ստեռլինգի կապիտալ ներդրում կատարել անհետաձգելի և շտապ բուժօգնության հաստատություններում։





























