Սևան համայնքի ղեկավարի թեկնածու, «Միասնական համայնք» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Վահրամ Գևորգյանը շարունակում է քարոզարշավը համայնքի բնակավայրերում։
Բնակիչների հետ հանդիպումներից մեկում նա անդրադարձել է համայնքի գործող ղեկավար Սարգիս Մուրադյանի ներկայացրած 2022–2026 թվականների հնգամյա զարգացման ծրագրին, որը պետք է կատարված լիներ այս տարվա դրությամբ։ Այդ ծրագրով նախատեսված էր «Սևանի քաղաքային զբոսայգու վերականգնում՝ այն դարձնելով մշակույթի և ժամանցի տարածաշրջանային զբոսայգի»։
Սակայն, ինչպես նշել է Վահրամ Գևորգյանը, հնգամյա ժամկետը լրանում է, իսկ զբոսայգում որևէ աշխատանք չի կատարվել։
«Մուրադյան Սարգիսը սուտ է խոսում, եթե մի ծառ տնկել է զբոսայգում, ուրեմն համարեք, որ ծրագիրը կատարել է»,– ասել է նա։
Վահրամ Գևորգյանը կոչ է արել ընտրողներին թեկնածուներին գնահատել ոչ թե խոսքերով, այլ կատարած աշխատանքով։
«Միասնական համայնք» կուսակցությունը նոյեմբերի 29-ի ընտրություններին մասնակցում է թիվ 6 համարով։

























