Եվրոպական հանձնաժողովը սպառնացել է Բուլղարիային տուգանել մինչև 23 միլիոն եվրոյով՝ բյուջեի պակասուրդը կրճատելու ուղղությամբ անբավարար միջոցներ ձեռնարկելու համար, գրում է Politico-ն։

Հունգարիան ևս բախվել է Բրյուսելի դժգոհությանը՝ պետական ֆինանսների վիճակի պատճառով, սակայն նրան սպառնում է ԵՄ միջոցների մի մասի սառեցում, այլ ոչ թե դրամական տուգանք։

Բուլղարիայի նկատմամբ կարող են կիրառվել երկու միջոցներն էլ։ Տուգանքի վերջնական չափը դեռ պետք է որոշվի։

«Ակնկալում ենք, որ տուգանքի մասին որոշումը կընդունվի այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա հենց սկզբին»,- լրագրողներին հայտարարել է տնտեսության հարցերով եվրահանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը։

Երկու երկրներն էլ կարող են զրկվել ԵՄ ֆինանսավորման մի մասից օգտվելու հնարավորությունից, եթե մինչև գարուն չկատարեն Բրյուսելի բյուջետային պահանջները։

Սպառնալիքները հնչել են Եվրամիության տնտեսական վերահսկողության հերթական շրջափուլի շրջանակում, որը հայտնի է որպես Եվրոպական կիսամյակ։ Այդ մեխանիզմը կոչված է վերահսկելու միության երկրների պետական ֆինանսները՝ ծախսերի և պետական պարտքի աճի պայմաններում։

Բուլղարիայի համար տուգանքի սպառնալիքն առանձնահատուկ նշանակություն ունի. երկիրը եվրոգոտուն է միացել միայն հունվարին։ Եթե պատժամիջոցը կիրառվի, դա կլինի ԵՄ բյուջետային կանոնների խախտման համար առաջին դրամական տուգանքը։

Այս կանոնները նախատեսում են, որ պետական բյուջեի պակասուրդը չպետք է գերազանցի ՀՆԱ-ի 3%-ը, իսկ պետական պարտքի և ՀՆԱ-ի հարաբերակցությունը պետք է մնա 60%-ից ցածր։ Բուլղարիայի պետական պարտքը զգալիորեն ցածր է սահմանված շեմից, սակայն, ըստ Եվրահանձնաժողովի կանխատեսումների, երկրի բյուջեի պակասուրդն այս տարի կհասնի ՀՆԱ-ի 5%-ին։ Բրյուսելը համարում է, որ Սոֆիան բավարար միջոցներ չի ձեռնարկել այն կրճատելու համար։

Մոտ տասը տարի առաջ Եվրահանձնաժողովը քննարկում էր Իսպանիայի և Պորտուգալիայի նկատմամբ բյուջետային կանոնների խախտման համար տուգանքներ կիրառելու հնարավորությունը, սակայն ի վերջո դրանց չափը հասցրեց զրոյի։

Համավարակից հետո ԵՄ-ն բարեփոխեց հարկաբյուջետային կանոնները՝ ձգտելով զսպել պարտքի աճը, որն առաջացել էր նաև Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենախոր տնտեսական անկման հետևանքները հաղթահարելու նպատակով կատարված մեծածավալ պետական ծախսերի պատճառով։

Դոմբրովսկիսի գնահատմամբ՝ նախկին խոշոր տուգանքներն անարդյունավետ էին. չափազանց խիստ պատժի սպառնալիքը կանոնների պահպանումը դարձնում էր քաղաքական առումով ոչ գրավիչ։ Ուստի Եվրամիությունը նվազեցրել է հնարավոր պատժամիջոցների չափը, որպեսզի դրանք հնարավոր լինի կիրառել՝ առանց անդամ պետությունների ֆինանսական խնդիրները խորացնելու։