Տարվա ընթացքում ԱՄՆ-ը և Հայաստանը բանակցություններ են վարել TRIPP տրանսպորտային միջանցքի նախագծի շուրջ, որը կանցնի Հայաստանի տարածքի 42-կիլոմետրանոց հատվածով։ Դրա մասին Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ըստ Բայրամովի՝ Ադրբեջանին պարբերաբար տեղեկացրել են բանակցությունների ընթացքի մասին, քանի որ միջանցքի մուտքի և ելքի կետերը գտնվում են Ադրբեջանի տարածքում։

«Մենք ցանկանում ենք, որ այս նախագիծն ավարտվի հնարավորինս սեղմ ժամկետներում»,- ընդգծել է Ադրբեջանի արտգործնախարարը։

Նա նշել է, որ TRIPP-ն Ադրբեջանի համար կարևոր է մի քանի պատճառով։ Նախևառաջ նախագիծը կապահովի անխոչընդոտ տրանսպորտային հաղորդակցություն երկրի հիմնական մասի և Նախիջևանի միջև։

Բացի դրանից, միջանցքը կդառնա Արևելք–Արևմուտք միջին տրանսպորտային միջանցքի նոր հատված՝ ընդլայնելով տարածաշրջանի երկրների լոգիստիկ հնարավորությունները։

Բայրամովի գնահատմամբ՝ նախագծի իրականացումը լրացուցիչ առավելություններ կբերի Հարավային Կովկասի բոլոր երկրներին։