Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը պահանջել է արգելել Գազայի հատվածում պատերազմի ընթացքում իսրայելցի զինվորականների կողմից պաղեստինցիներին որպես կենդանի վահան օգտագործելու մասին լրագրողական հետաքննության ցուցադրությունը, հայտնում է The Times of Israel-ը։
Նյութը պետք է հեռարձակվի Kan հանրային հեռուստաալիքի եթերում։
Իր հայտարարության մեջ Կացը հայտնել է, որ նամակ է ուղարկել գլխավոր ռազմական գրաքննիչ, բրիգադային գեներալ Նեթանել Կուլային՝ պահանջելով թույլ չտալ իսրայելցի զինվորականների կիրառած, այսպես կոչված, «մոծակների արձանագրության» մասին հետաքննության հեռարձակումը։
Նախարարի պնդմամբ՝ հրապարակումը կարող է բացահայտել Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) զինծառայողների կիրառած օպերատիվ մեթոդները, վնասել զինվորների ու հրամանատարների հեղինակությանը, ինչպես նաև նրանց ենթարկել միջազգային մակարդակով դատական հետապնդման վտանգի։
Կացը ռազմական գրաքննիչից պահանջել է «շտապ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու այս զրպարտչական և ծանր հետևանքներով հղի հեռարձակումը»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գազայում պատերազմի սկզբում ձերբակալված պաղեստինցիներին հաճախ ուղարկում էին շենքերն ու թունելները զննելու՝ նախքան այնտեղ իսրայելցի զինծառայողների մուտք գործելը։ Միաժամանակ բանակը հայտարարում էր, որ նման գործելակերպն արգելված է։ ՑԱԽԱԼ-ը հաստատել է, որ նման դեպքերով քրեական քննություններ են սկսվել։
Ըստ Իսրայելի օրենսդրության՝ ազգային անվտանգության և դրան առնչվող հարցերի վերաբերյալ բոլոր նյութերը, որոնք նախատեսված են ավանդական լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում հրապարակելու համար, պետք է ստանան ռազմական գրաքննիչի հավանությունը։
Պարբերականը նշում է, որ քիչ հավանական է, թե Kan-ը հետաքննությունը գրաքննության ստուգմանը չի ներկայացրել նախքան նախատեսված հեռարձակումից առաջ գովազդային հատվածների հրապարակումը։
Ընդդիմադիր «Մեր տունը Իսրայելն է» կուսակցության առաջնորդ Ավիգդոր Լիբերմանը նույնպես հեռուստաալիքին կոչ է արել հրաժարվել նյութի ցուցադրությունից։
Ըստ նրա՝ հետաքննությունը կօգտագործվի «ՑԱԽԱԼ-ի զինվորների դեմ արյունային զրպարտություններ տարածելու համար»։


























