Սլովակիայի խորհրդարանը հավանություն է տվել արտերկրում բնակվող քաղաքացիների՝ փոստով քվեարկելու հնարավորության վերացմանը, հայտնում է Aktuality.sk-ը։

Այսուհետ նրանք ստիպված կլինեն անձամբ քվեարկել դեսպանատներում և դիվանագիտական ներկայացուցչություններում, ինչը շատերի համար կարող է նշանակել հարյուրավոր կիլոմետրեր անցնել և մի քանի հարյուր եվրո ծախսել։

Smer կուսակցության պատրաստած օրինագծին կողմ է քվեարկել 79 պատգամավոր, դեմ՝ 71-ը։ Կոալիցիային հաջողվել է անցկացնել նախաձեռնությունը մի քանի ամիս տևած վեճերից հետո․ ավելի վաղ հարցը երկու անգամ չէր ընդգրկվել խորհրդարանական նիստերի օրակարգում՝ իշխող կոալիցիայի գործընկերների միջև տարաձայնությունների պատճառով։

Օրինագծի՝ երրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ ելույթի համար հերթագրվել էր ընդդիմադիր ավելի քան 70 պատգամավոր, սակայն կոալիցիան դադարեցրել է քննարկումը։ Ընդդիմադիր պատգամավորներն այդ որոշումն ընդունել են «Ամո՛թ» բացականչություններով։

Իշխող կուսակցությունները փոփոխությունների անհրաժեշտությունը բացատրում են քվեարկության գաղտնի և ուղղակի բնույթն ապահովելու ձգտմամբ։ Նրանց պնդմամբ՝ փոստով քվեարկության գործող համակարգը խոցելի է մանիպուլյացիաների համար։ Սակայն, ինչպես նշում է պարբերականը, իշխանությունները նման խախտումների ապացույցներ չեն ներկայացրել, իսկ համապատասխան պետական մարմինները դրանք չեն հաստատել։ Փոստով քվեարկության վերացմանը դեմ էր նաև Սլովակիայի գլխավոր դատախազ Մարոշ Ժիլինկան։

Ընդդիմությունն իր հերթին կոալիցիային մեղադրել է իշխող կուսակցությունների համար առավելություններ ստեղծելու և այն քաղաքացիների մասնակցությունը ընտրություններին դժվարացնելու փորձի մեջ, որոնք կարող են առավելապես աջակցել ընդդիմությանը։

Օրենքի ընդունումից հետո Smer-ի պատգամավոր Յան Մաժգուտը հայտարարել է, որ նախաձեռնության քննարկումը, իր կարծիքով, չափազանց երկար չի տևել, թեև այն շարունակվել է մարտից։ «Կարծում եմ՝ սա գուցե ստանդարտ գործընթաց չէր, բայց խորհրդարանական բանավեճ էր»,- ասել է նա։

Փոստով քվեարկության վերացումն արժանացել է արտերկրում բնակվող սլովակների քննադատությանը։ Նրանցից շատերի համար առանց դիվանագիտական ներկայացուցչություն մեկնելու քվեարկելու հնարավորությունն ընտրական իրավունքն իրացնելու կարևոր միջոց էր։