Երկու տղամարդու են ձերբակալել Նորֆոլք կոմսության Սանդրինգեմ կալվածքի տարածքում գտնվող՝ արքայազն Ուիլյամի և արքայադուստր Քեթրինի ամառանոցային նստավայր ապօրինի մուտք գործելու կասկածանքով, հայտնում է BBC News-ը։
Նորֆոլքի ոստիկանության տվյալներով՝ երկուշաբթի՝ տեղական ժամանակով 18:00-ի սահմաններում, հաղորդում է ստացվել նստավայրի մոտ կասկածելի ակտիվության մասին։ Կասկածյալների որոնման համար ներգրավվել են ծառայողական շներ, անօդաչու թռչող սարքեր և ուղղաթիռ։ Երկու տղամարդու ձերբակալել են կալվածքի տարածքում։ Նրանք շարունակում են մնալ կալանքի տակ։
Ոստիկանությունից պարզաբանել են, որ միջադեպի պահին շենքում ոչ ոք չի եղել։ Քենսինգթոնյան պալատը հրաժարվել է մեկնաբանել անվտանգությանն առնչվող հարցերը։
Ուիլյամն ու Քեթրինը մշտապես չեն բնակվում կալվածքում, սակայն այնտեղ գտնվող Անմեր Հոլ առանձնատունն օգտագործում են որպես ամառանոցային նստավայր՝ տոների և հանգստի ժամանակ։ Կարմիր աղյուսից կառուցված՝ տասը ննջասենյակ ունեցող տունը Եղիսաբեթ II թագուհին ամուսիններին նվիրել է 2011 թվականին նրանց հարսանիքից հետո։
Անմեր Հոլը գտնվում է Սանդրինգեմ կալվածքի մասնավոր տարածքում, որտեղ տեղակայված է Չարլզ III թագավորի նստավայրերից մեկը։ Ուելսի արքայազնի և արքայադստեր հիմնական տունը գտնվում է Բերքշիր կոմսության Վինձորի ամրոցի տարածքում։





























