Թուրքիայի և Ադրբեջանի, ինչպես նաև Վրաստանի և Իրանի հետ էներգետիկ կապերի զարգացումը հնարավորություն կտա բարձրացնել Հայաստանի էներգահամակարգի կայունությունը։ Հայաստանի հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում նման միտք է հայտնել Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը:

Անդրադառնալով Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի էներգահամակարգերի համաձայնեցման ծրագրերի քննադատությանը՝ նա պատասխանել է ընդդիմության ներկայացուցիչների պնդումներին, որոնք նման քաղաքականությունը համարում են Հայաստանի էներգետիկան Թուրքիայի վերահսկողությանը հանձնելը և նրանից կախվածություն ստեղծելը։

Կոստանյանը կարծում է, որ նման քննադատությունը կապված է նաև հոգեբանական և քաղաքական գործոնների հետ։ Ըստ նրա՝ Հայաստանն ավելի քան 30 տարի փորձել է ապրել մեկուսացման մեջ՝ «ոզնու պես», սակայն նման մոտեցումը հաջողություն չի բերել։

«Պատմությունը ցույց է տալիս, որ դա հաջողության չի հանգեցնում։ Եթե վերցնենք Եվրամիության օրինակը, ապա եվրոպական երկրները որոշակի պահի հասկացան, որ լրացուցիչ փոխկապակցվածության շնորհիվ հնարավոր է նրանցից յուրաքանչյուրի համար ապահովել շատ ավելի նշանակալի տնտեսական արդյունքներ»,- նշել է պաշտոնյան։

Նրա ասելով՝ Թուրքիայի և Ադրբեջանի, ինչպես նաև Վրաստանի և Իրանի հետ լրացուցիչ էներգետիկ կապերը Հայաստանի էներգահամակարգն ավելի կայուն կդարձնեն։ Կոստանյանը հիշեցրել է, որ Հայաստանն արդեն համապատասխան ծրագրեր է իրականացնում Վրաստանի հետ, իսկ Իրանի հետ կառուցում է էլեկտրահաղորդման երրորդ գիծը։

Անդրադառնալով Թուրքիայի էներգահամակարգի հետ հնարավոր մերձեցման թեմային՝ նա հայտարարել է, որ Թուրքիան եվրոպական էներգետիկ տարածքի մաս է, որը գործում է տեխնիկական և նորմատիվ բարձր չափանիշներով։

«Ներկայում քննարկվում է Ադրբեջանի և Թուրքիայի հետ փոխկապակցվածության ապահովումը, այսպես կոչված, կղզիային մեթոդով։ Իսկ եթե հեռանկարում խոսենք լիարժեք համաժամացման մասին, դա կնշանակի, որ մենք ստիպված կլինենք մեր համակարգը համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին»,- պարզաբանել է Կոստանյանը։

Ըստ նրա՝ այդ դեպքում խոսքը կլինի ոչ թե սոսկ Թուրքիայի հետ համաժամացման, այլ եվրոպական էներգետիկ տարածքին միանալու մասին։ Դրա համար կպահանջվի եվրոպական էներգացանցի համաձայնությունը, որն իր տեխնիկական պահանջներն է ներկայացնում։