Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, նրա կինը՝ Կառլա Բրունի-Սարկոզին, և ֆրանսիական աշխարհիկ կյանքի հայտնի ներկայացուցիչ Միշել Մարշանը, որը հայտնի է որպես Միմի Մարշան, 2027 թվականի վերջին դատարանի առջև կկանգնեն միջնորդ Զիադ Թաքիեդդինին իր մեղադրանքներից հրաժարվելուն դրդելու ենթադրյալ փորձի գործով, հայտնում է Les Echos-ը։

Այս գործը կապված է 2007 թվականին Սարկոզիի նախագահական քարոզարշավը Լիբիայի իշխանությունների կողմից ենթադրաբար ապօրինի ֆինանսավորելու վերաբերյալ քննության հետ։

Ինչպես երեքշաբթի Ֆրանսպրես գործակալությանը հայտնել է գործին մոտ կանգնած աղբյուրը, բոլոր 11 մեղադրյալների գործերն ուղարկվել են Փարիզի քրեական դատարան։ Ըստ նախնական ժամանակացույցի՝ դատավարությունը կանցկացվի 2027 թվականի նոյեմբերի 3-ից դեկտեմբերի 2-ը։

Քննությունը կասկածում է, որ մեղադրյալները փորձել են մոլորեցնել արդարադատությանը՝ ապօրինի մեթոդներ կիրառելով Սարկոզիին արդարացնելու համար Մուամար Քադաֆիի վարչակարգի կողմից նրա քարոզարշավի ենթադրյալ ֆինանսավորման գործով։

Առանցքային վկան ֆրանս-լիբանանցի միջնորդ Զիադ Թաքիեդդինն էր, որը մահացել է Լիբանանում 2025 թվականի սեպտեմբերին։ Նա սկզբում հրաժարվել էր Սարկոզիի դեմ իր մեղադրանքներից, սակայն երկու ամիս անց կրկին հայտարարել էր նախկին նախագահի առնչության մասին։

Սարկոզին և Բրունի-Սարկոզին մեղադրվում են կազմակերպված խարդախություն կատարելու նպատակով հանցավոր համաձայնության մասնակցելու և վկային կաշառելու փաստերը թաքցնելու մեջ։ Մարշանն իր հերթին պետք է պատասխան տա վկային կաշառելու, կազմակերպված խարդախության նպատակով հանցավոր համաձայնության մասնակցելու, ինչպես նաև օտարերկրյա դատական աշխատակիցների կաշառումը նախապատրաստելու նպատակով համաձայնության գալու մեղադրանքներով։ Երեքին էլ սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում և մինչև 150 հազար եվրոյի տուգանք։

Գործը դատարան ուղարկելու մասին որոշման մեջ քննիչ դատավորները նշել են, որ Սարկոզին և նրա կինը մասնակցել են կազմակերպված խարդախությանն ուղղված համաձայնեցված գործողությունների։ Քննության վարկածով՝ նրանք 2020 թվականի նոյեմբերին հարցազրույց են կազմակերպել Թաքիեդդինի հետ, որի ընթացքում նա հրաժարվել է նախկին մեղադրանքներից՝ «մոլորեցնելու համար որոշում կայացնելիք դատավորներին»։

Քննությունը համարում է նաև, որ Սարկոզին գիտակցաբար օգտվել է վկայի ենթադրյալ կաշառումից։ Ըստ մեղադրանքի՝ Թաքիեդդինին դրդել են փոխել ցուցմունքները խոստումների, առաջարկների, նվերների, ճնշումների, սպառնալիքների կամ այլ ապօրինի մեթոդների միջոցով։

Ի տարբերություն Ֆրանսիայի ազգային ֆինանսական դատախազության դիրքորոշման՝ քննիչ դատավորները եզրակացրել են, որ ենթադրյալ գործողություններից օգտվել է նաև Կառլա Բրունին։ Նրան կասկածում են նրանում, որ 2019 թվականի վերջին խնդրել է գաղտնի հեռախոսագիծ կազմակերպել՝ Թաքիեդդինին առնչվող գործողության շուրջ Միմի Մարշանի հետ շփվելու համար։

Նոր դատավարությունը նախատեսվում է Սարկոզիի քարոզարշավի ենթադրյալ լիբիական ֆինանսավորման հիմնական գործով որոշման սպասման ֆոնին։ Փարիզի վերաքննիչ դատարանը պետք է դատավճիռը հրապարակի նոյեմբերի 30-ին։

2025 թվականի սեպտեմբերին առաջին ատյանի դատարանը Սարկոզիին դատապարտել էր հինգ տարվա ազատազրկման՝ Մուամար Քադաֆիի վարչակարգի հետ ենթադրյալ «կոռուպցիոն համաձայնագիր» կնքելու համար։ Դրանից հետո նա 20 օր անցկացրել էր Փարիզի Սանտե բանտում։ Նախկին նախագահն արդեն 15 տարի կտրականապես հերքում է մեղադրանքները։ Այս տարվա մայիսին գլխավոր դատախազությունը պահանջել էր նրան յոթ տարվա ազատազրկման դատապարտել։