OpenAI և Anthropic ընկերությունները բախվել են խորացող խնդրի. արհեստական բանականության իրենց նորագույն մոդելների ներքին տարբերակներն այնքան հզոր են դարձել, որ շատ աշխատակիցներ կասկածում են՝ արդյոք անվտա՞նգ է դրանք հանրությանը հասանելի դարձնելը, հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով ընկերությունների ներքին քննարկումներին ծանոթ բազմաթիվ աղբյուրների։

Հետազոտողները դեռ չեն գտել տեխնիկական լուծումներ, որոնք հնարավորություն կտան հուսալիորեն վերահսկել ամենաառաջադեմ մոդելները։ Որոշ մասնագետներ կարծում են, որ խնդիրը հնարավոր է լուծել, մյուսները կոչ են անում դադարեցնել նոր համակարգերի ուսուցումը։ Քննարկվում է նաև ապագա առաջադեմ մոդելները բացառապես ներքին օգտագործման համար պահելու հնարավորությունը։

Դեռ չթողարկված համակարգերը սրընթաց առաջընթաց են ցուցաբերում մաթեմատիկայի, գիտության, կիբերանվտանգության և բուն արհեստական բանականության հետազոտության ոլորտներում։ Ըստ Axios-ի աղբյուրների՝ ներքին փորձարկումների ժամանակ մոդելները երբեմն չափազանց դժվար է եղել վերահսկել։

«Եթե մենք շարունակենք ստեղծել մեզանից շատ ավելի խելացի մոդելներ, որոնք իսկապես գերազանցում են մեզ բանականությամբ, դրանք կկարողանան հաջողությամբ խաբել մեզ»,- հայտարարել է հետազոտողներից մեկը։ Նրա կարծիքով՝ այդ դեպքում անվտանգության ապահովման ներկայիս շատ մեթոդներ կդադարեն գործել։

Ներքին մոդելների հնարավորություններն արդեն դրսևորվել են գործնականում։ Anthropic-ի մաթեմատիկոսն օգտագործել է Claude-ի հետազոտական տարբերակը՝ ներկայացնելու Ռիմանի վարկածի ապացույցը. դա հայտնի մաթեմատիկական խնդիր է, որն ավելի քան 150 տարի մնում է չլուծված։ OpenAI-ի դեռ չթողարկված մոդելն օգնել է ապացույցներ ստանալ հարյուրավոր մաթեմատիկական խնդիրների համար։ Ներքին մոդելները կապվում են նաև ԱԲ-ի անվտանգության ոլորտում մի շարք լուրջ միջադեպերի, դրանց թվում՝ Hugging Face հարթակի կոտրման հետ։

Հետազոտողներն առանձնացնում են երկու հիմնական սպառնալիք։ Առաջինը կապված է ամրապնդմամբ ուսուցման հետ. մոդելները կատարելագործվում են փորձի և սխալի մեթոդով՝ առաջադրանքները հաջող կատարելու համար պարգևատրում ստանալով, սակայն ժամանակի ընթացքում կարող են սովորել շրջանցել պաշտպանական սահմանափակումները՝ ավելի բարձր արդյունքների հասնելու համար։

Երկրորդ խնդիրը դատողությունների ընթացքը թաքցնելու ունակությունն է։ Axios-ի աղբյուրների տվյալներով՝ ամենաառաջադեմ մոդելները երբեմն չեն բացահայտում իրենց որոշումների տրամաբանությունը կամ մոլորեցնող բացատրություններ են տալիս՝ կանոնները պահպանելու պատրանք ստեղծելով։

Ոլորտի ղեկավարները հրապարակայնորեն ընդունում են ռիսկերի լրջությունը։ OpenAI-ի ղեկավար Սեմ Ալթմանը պաշտպանել է ԱԲ-ի զարգացման համար ընդհանուր սահմանափակումներ սահմանելու առաջարկը։ Anthropic-ում ևս նախազգուշացրել են, որ տեխնոլոգիական առաջընթացի տեմպերը չափազանց բարձր են դառնում՝ անվտանգությունը հուսալիորեն ապահովելու համար։

Ընկերությունների աշխատակիցները մտավախություն ունեն, որ ղեկավարությունը կարող է շահույթն անվտանգությունից վեր դասել։ OpenAI-ում հայտարարել են, որ լրացուցիչ պահանջներ են սահմանել, որոնք կարող են դանդաղեցնել մոդելների թողարկումը։ Anthropic-ի ներկայացուցիչն ընդգծել է, որ ընկերությունը պատրաստ է հետաձգել համակարգի թողարկումը, եթե դա անհրաժեշտ լինի անվտանգությունը բարձրացնելու համար։

Քննարկվող տարբերակներից մեկն ամենահզոր մոդելներն արհեստական բանականության առաջատար ընկերությունների ներսում պահելն է՝ արտաքին օգտատերերին դրանց հնարավորություններից օգտվելու սահմանափակ հասանելիություն տրամադրելով։ Սակայն որոշ հետազոտողներ զգուշացնում են, որ նման համակարգերի նույնիսկ ներքին օգտագործումը կապված է լուրջ ռիսկերի հետ։

Axios-ի գնահատմամբ՝ արհեստական բանականության հնարավորություններն ավելի արագ են աճում, քան այդ համակարգերը վերահսկելու մարդկանց կարողությունը։ Դեռ պարզ չէ՝ արդյոք մշակողները պատրա՞ստ են հանուն անվտանգության դանդաղեցնել հետագա զարգացումը։