«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի շուրջ վերջին շրջանում ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում։
Բանն այն է, որ 2026 թվականի հոկտեմբերի 30-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել՝ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանին 8 օր չվճարվող արձակուրդ տրամադրելու մասին։ Որոշման համաձայն՝ մարզպետը պետք է արձակուրդում լիներ նոյեմբերի 10-ին, 11-ին, 16-ին, 17-ին և նոյեմբերի 23-26-ը ներառյալ։ Նրա բացակայության ընթացքում մարզպետի պարտականությունները պետք է կատարեր տեղակալ Արամ Գրիգորյանը։
Սակայն ուշագրավն այն է, որ նոյեմբերի 23-ին վարչապետը մեկ այլ որոշում է ստորագրել՝ փոփոխելով նախորդ որոշումը։ Արդյունքում Խաչատրյանի արձակուրդի տևողությունը 8 օրից դարձել է 4 օր, և նոր որոշմամբ արձակուրդային օրեր են սահմանվել միայն նոյեմբերի 10-ը, 11-ը, 16-ը և 17-ը։
Այսինքն՝ նախապես նախատեսված նոյեմբերի 23-26-ի արձակուրդային օրերը հանվել են։
Ինչո՞ւ որոշվեց փոխել մարզպետի արձակուրդի ժամանակացույցը հենց նոյեմբերի 23-ին։
Իսկ ինչո՞ւ է այս պատմությունն ուշագրավ։
Նոյեմբերի 29-ին Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում ՏԻՄ ընտրություններ են։ ՔՊ-ի ընտրական ցուցակում երկրորդ համարն է հենց Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը։ Ցուցակը գլխավորում է Մեծամորի համայնքապետի տեղակալ Սարգիս Արշակյանը։
Փաստորեն, մարզպետը, որը մինչև 2025 թվականի սեպտեմբերը ղեկավարում էր Մեծամոր համայնքը, այժմ կրկին քաղաքական պայքարի մեջ է մտել նույն համայնքում՝ այս անգամ որպես ՔՊ-ի ընտրական ցուցակի երկրորդ համար։
Խաչատրյանը Արմավիրի մարզի Նորապատ գյուղից է։ Նրա քաղաքական կարիերան սկսվել է նախկին իշխանությունների օրոք։ 2015-2021 թվականներին նա ղեկավարել է Նորապատ համայնքը, իսկ 2018 թվականի իշխանափոխության օրերին հրաժարվել է ՀՀԿ անդամակցությունից՝ հայտարարելով, որ այլևս իրեն հանրապետական չի համարում։
Հետագայում Խաչատրյանը համալրել է ՔՊ-ի շարքերը։ 2021 թվականին նշանակվել է Արմավիրի մարզպետի տեղակալ, ապա՝ Մեծամոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Նույն թվականի դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո ընտրվել է Մեծամորի համայնքապետ։
2025 թվականի սեպտեմբերի 4-ին Կառավարության որոշմամբ նշանակվել է Արմավիրի մարզպետ։
Այսպիսով, նրա պաշտոնեական ճանապարհը բավականին ուշագրավ է. նախկին ՀՀԿ-ական համայնքապետից մինչև ՔՊ-ական մարզպետ։ Իսկ այժմ նա կրկին հայտնվել է Մեծամորի ընտրական գործընթացի կենտրոնում։
Հատկանշական է նաև, որ Խաչատրյանի գործունեությունը վերջին ամիսներին ուղեկցվել է քննադատական հրապարակումներով։ Մամուլում տեղեկություններ են հրապարակվել մարզի դպրոցների և մանկապարտեզների աշխատակիցների քաղաքական նախընտրությունների վերաբերյալ ցուցակներ պահանջելու և հնարավոր ճնշումների մասին։ Այդ հրապարակումները պահանջում են նաև պաշտոնական պարզաբանումներ»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում





























