Ժամանակակից մարդիկ կարող էին դառնալ Եվրոպայում նեանդերթալցիների վերացման գլխավոր պատճառը. սա ցույց է տվել համակարգչային մոդելավորումը։ Կլիմայական փոփոխություններն ինքնին, հավանաբար, չէին հանգեցնի մարդու հնագույն ազգակիցների անհետացմանը, սակայն Homo sapiens-ի տարածումը զգալիորեն մեծացրել է նրանց վերացման վտանգը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science Advances ամսագրում։

Իսպանիայի Կանտաբրիայի համալսարանից Մարկո Վիդալ-Կորդասկոն և նրա գործընկերները ստեղծել են նախապատմական Եվրոպայի համակարգչային մոդել։ Օգտագործելով կլիմայի և կենդանիների թվաքանակի վերաբերյալ տվյալները՝ նրանք գնահատել են սննդային պաշարների հասանելիությունը 55 հազարից 27 հազար տարի առաջ ընկած ժամանակահատվածում։

Այնուհետև հետազոտողները հազարավոր մոդելավորումներ են իրականացրել՝ պարզելու համար, թե կլիմայական փոփոխությունները, բնակչության թվաքանակը և Homo sapiens-ի ի հայտ գալը ինչպես են ազդել նեանդերթալցիների գոյատևման հնարավորությունների վրա։ Գիտնականները համեմատել են այն սցենարները, որոնցում ժամանակակից մարդիկ ներկա էին Եվրոպայում, նրանց բացակայությունը ենթադրող սցենարների հետ։

Մոդելավորումների մեծ մասում միայն կլիմայական փոփոխությունները բավարար չեն եղել նեանդերթալցիների լիակատար անհետացման համար։ Թեև պայմանների վատթարացումը նվազեցրել է սննդի հասանելիությունը և հանգեցրել առանձին պոպուլյացիաների անհետացմանը, այն սցենարներում, որտեղ Homo sapiens-ի թվաքանակը փոքր էր մնում, նեանդերթալցիները գոյատևում էին դեպքերի 98%-ում։

Սակայն ժամանակակից մարդկանց թվաքանակի աճին և Եվրոպայում նրանց տարածմանը զուգընթաց նեանդերթալցիների վերացման հավանականությունը զգալիորեն մեծանում էր։

Ընդ որում, շատ բան կախված էր հենց նեանդերթալցիների միջև փոխգործակցությունից։ Այն պոպուլյացիաները, որոնք կարող էին տեղաշարժվել և կապեր պահպանել այլ խմբերի հետ, որպես կանոն, ավելի երկար էին գոյատևում, քան մեկուսացած համայնքները։ Հետազոտողների կարծիքով՝ խմբերի միջև կապերը պոպուլյացիաների կայունությունը որոշող կարևորագույն գործոններից էին։

Գիտնականները ենթադրում են, որ Homo sapiens-ը կարող էր նեանդերթալցիների հետ մրցակցել սննդի և այլ պաշարների համար՝ մեծացնելով ճնշումն արդեն իսկ դժվարություններ կրող խմբերի վրա։ Սակայն ոչ պակաս կարևոր դեր կարող էին խաղալ ժամանակակից մարդկանց թվաքանակն ու տարաբնակեցումը։ Տարածվելով մայրցամաքով՝ նրանք, հնարավոր է, նեանդերթալցիներին խանգարում էին վերականգնել թվաքանակը և վերադառնալ նախկինում զբաղեցրած տարածքներ։

Ընդ որում, նեանդերթալցիներին դուրս մղելու համար պարտադիր չէր, որ ժամանակակից մարդիկ ավելի բարձր բանականություն ունենային կամ տեխնոլոգիաներով զգալիորեն գերազանցեին նրանց։ Բավարար գործոն կարող էր լինել հենց Homo sapiens-ի ժողովրդագրական առավելությունը։

Հեղինակներն ընդգծում են, որ համակարգչային մոդելավորումը վերջնականապես չի ապացուցում, թե հենց ժամանակակից մարդիկ են դարձել նեանդերթալցիների վերացման պատճառը։ Սակայն արդյունքները վկայում են Homo sapiens-ի տարածման և մարդկային այլ պոպուլյացիաների անհետացման միջև սերտ կապի մասին և օգնում են բացատրելու մարդու էվոլյուցիայի գլխավոր առեղծվածներից մեկը։