Եգիպտոսում հնագույն պապիրուսներ են հայտնաբերել, որոնք վկայում են, որ անեծքի ծեսերը շատ ավելի տարածված էին, քան նախկինում ենթադրվում էր։ Մոտ 3400 տարվա վաղեմության քառասուն ածխացած պատառիկները դարձել են ամենահին նյութական վկայությունն այն բանի, որ եգիպտացիներն իսկապես կատարում էին Ապոպ օձի ոչնչացման ծեսը։ Գտածոն նաև ցույց է տվել, որ այս ծեսն առաջացել է մոտ հազար տարի ավելի վաղ, քան ենթադրում էին հետազոտողները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Zeitschrift für Ägyptische Sprache und Altertumskunde ամսագրում։

Պատառիկները հայտնաբերվել են հին Թեբեում՝ Թութմոս III փարավոնի հետմահու պաշտամունքի տաճարի պեղումների ժամանակ։ Կոպենհագենի համալսարանի եգիպտագետների խումբը՝ Ֆրեդրիկ Հագենի գլխավորությամբ, դրանք գտել է աղբի շերտում։ Պապիրուսի կտորների վրա պահպանվել են նկարներ և տեքստեր, որոնք օգտագործվել են Ապոպին անիծելու ծեսի ժամանակ։

Մինչ այդ գիտնականներին հայտնի էր ծեսի նկարագրության միայն մեկ օրինակ, որը պահպանվել էր մ.թ.ա. IV դարի վերջի ծիսական ձեռնարկում։ Գրեթե չկային անկախ վկայություններ, թե որքան տարածված էր այս գործելակերպը, և ովքեր էին կատարում ծեսը։

Եգիպտական դիցաբանության մեջ Ապոպը քաոսի հսկայական օձ էր, որն ամեն գիշեր փորձում էր խանգարել արևի աստված Ռային՝ ավարտելու անդրաշխարհով իր ճանապարհորդությունը և առավոտյան կրկին հայտնվելու երկնքում։ Որպեսզի աստծուն օգնեն հաղթել հակառակորդին և պահպանել աշխարհակարգը, եգիպտացիները կատարում էին օձի խորհրդանշական ոչնչացման ծեսեր։

Ծեսի ժամանակ Ապոպի պատկերը կարմիր թանաքով նկարում էին պապիրուսի վրա կամ պատրաստում նրա մոմե արձանիկը։ Այնուհետև պատկերը դանակներով ծակում էին և այրում՝ միաժամանակ կախարդական հմայախոսություններ արտասանելով։ Հետագայում ծեսը սկսեցին օգտագործել նաև այլ նպատակներով՝ փարավոնի թշնամիներին կամ մասնավոր անձանց անիծելու, թույներից ու հիվանդություններից պաշտպանվելու, վատ եղանակը և քաոսի ուժերի այլ ենթադրյալ դրսևորումների ազդեցությունը կանխելու համար։

Հայտնաբերված պատառիկները լիովին համապատասխանում են ծեսի նկարագրություններին։ Դրանցից շատերի վրա նկատելի են ծակոցների և ածխացման հետքեր։ Հագենը նշում է, որ ծեսի ժամանակ պապիրուսները հաճախ ամբողջությամբ ոչնչացվում էին. դրանք ոտնահարում էին, թքում, դանակներով ծակում և վերջում այրում։ Ուստի նույնիսկ պահպանված փոքր հատվածների հայտնաբերումը մեծ հաջողություն էր։

Գտածոյի տարիքը ցույց է տալիս, որ ծեսը գոյություն է ունեցել արդեն Նոր թագավորության ժամանակաշրջանում՝ ավելի քան 3400 տարի առաջ և եղել է տաճարային առօրյա կյանքի մի մասը։ Ընդ որում, նման ծեսեր կատարում էին ոչ միայն քրմերը։ Ըստ հետազոտողի՝ գրագետ մարդիկ, ներառյալ՝ քրմական դասին չպատկանողները, կարող էին օգնության համար դիմել գրագիրներին և մոգերին՝ ինչպես պաշտպանվելու, այնպես էլ ուրիշներին վնաս պատճառելու նպատակով։

Բացահայտումը նաև ցույց է տալիս, թե հնագիտության համար որքան կարևոր են սովորական աղբի շերտերը։ Եգիպտական տաճարների ուսումնասիրությունները ավանդաբար կենտրոնացած էին վեհաշուք կառույցների, արձանների և կրոնի առանձնահատկությունները բացահայտող հարթաքանդակների վրա։ Սակայն թափոնները հնարավորություն են տալիս ավելին իմանալու տաճարների առօրյա կյանքի, տնտեսության և գործնական գործունեության մասին։

Նույն տարածքում հնագետները հայտնաբերել են պապիրուսների պատառիկներ, որոնք վարչական արխիվի մաս են եղել։ Դրանք հնարավորություն են տալիս ուսումնասիրելու տաճարի տնտեսությունը և զոհաբերությունների պաշտամունքի կազմակերպումը։ Այսպիսով, նույնիսկ փոքր ածխացած պատառիկներն օգնում են վերականգնելու Հին Եգիպտոսի կյանքի քիչ հայտնի կողմերը։