Ժամանակակից Բաղդադի ծայրամասում գտնվող հնագույն Թել Մուհամմադ քաղաքում հնագետները հայտնաբերել են սեպագիր մի սալիկ՝ մոտ 3800 տարի առաջ կնքված՝ գարի և գարեջուր փոխառելու պայմանագրով, գրում է La Bruju la verde ամսագիրը։

Գտածոն լույս է սփռում Բաբելոնի արքա Համմուրապիի օրոք Միջագետքի բնակիչների առօրյա կյանքի վրա։ 2026 թվականի պեղումների ընթացքում հետազոտողները հայտնաբերել են նաև մոտ հինգ մետր հաստությամբ քաղաքային պարսպի մի հատված և անձրևաջրերի հավաքման համակարգ։

Պեղումներն իրականացրել է Կատանիայի համալսարանի արշավախումբը՝ Նիկոլա Լաներիի ղեկավարությամբ, Հռոմի Սապիենցա համալսարանի հետազոտողների հետ համատեղ։ Աշխատանքները տևել են մոտ երկու ամիս և ավարտվել հոկտեմբերի վերջին։

Թել Մուհամմադը գտնվում է Տիգրիս գետից արևելք՝ մեկ այլ հայտնի հնագիտական հուշարձանի՝ Թել Հարմալի մերձակայքում։ Ժամանակին քաղաքը զբաղեցրել է մոտ 25 հեկտար, սակայն այսօր պահպանվել է դրա սկզբնական տարածքի միայն մեկ հինգերորդը։ Բնակավայրը գոյություն է ունեցել Բաղդադի հիմնադրումից հազարավոր տարիներ առաջ. Բաղդադը 762 թվականին դարձել է Աբբասյան խալիֆայության մայրաքաղաքը։

Քաղաքի ծաղկման շրջանը եղել է մ.թ.ա. II հազարամյակի առաջին կեսին, ներառյալ՝ Համմուրապիի և նրա որդու՝ Սամսու-իլունայի օրոք։ Այդ ժամանակ այս տարածքը մտնում էր Դիյալա գետի շրջանում գտնվող Էշնուննայի թագավորության կազմի մեջ։

Պեղաշրջանի ամենաանսովոր գտածոն կավե սալիկն էր՝ գարի և գարեջուր փոխառելու մասին սեպագիր պայմանագրով։ Նշանների ձևի հիման վրա հետազոտողները ենթադրել են, որ փաստաթուղթը վերաբերում է Համմուրապիի կամ նրա որդու ժամանակաշրջանին։ Գործարքը կնքվել է երկու վկայի ներկայությամբ։ Տեքստում հիշատակվում է գարեջրի մի տեսակ, որը նշված է աքքադերեն kurunnum բառով։ Հետազոտողների տվյալներով՝ այն պատկանել է այս խմիչքի որոշակի կատեգորիայի, թեև առայժմ անհնար է հստակ պարզել, թե ինչպես է այն արտադրվել, և որքանով է այդ գործընթացը նման եղել ժամանակակից գարեջրագործությանը։

Հին Միջագետքում գարին և գարեջուրը կարևոր դեր էին խաղում տնտեսության մեջ և կարող էին օգտագործվել որպես վճարման միջոց։ Դրանք աշխատողներին տրվում էին որպես պարենաբաժին, իսկ փոխառության դեպքում կարող էին պահանջել վերադարձնել տոկոսներով։

Սալիկի վրա հայտնաբերվել է նաև անձնանուն, որը ներառում է Բաբելոնի հովանավոր Մարդուկ աստծու անունը։ Կատանիայի համալսարանի հաղորդմամբ՝ Թել Մուհամմադից հայտնաբերված սալիկների վրա նման անուն նախկինում չէր հանդիպել։

Առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում գտածոյի հայտնաբերման վայրը։ Սալիկն ընկած էր մի սենյակի հատակին, որը կարող էր օգտագործվել կերակուր պատրաստելու համար։ Շինության ներսում հայտնաբերվել են դեպի փողոց ուղղված կիսաշրջանաձև աղյուսե վաճառասեղան, ինչպես նաև չորս կլոր կառույց և կավե ավազան։ Նման կառույցներ հայտնի են նաև Միջագետքի այլ հուշարձաններից, ներառյալ՝ Ուրից և Նիպպուրից, և կարող էին օգտագործվել հաց կամ գարեջուր պատրաստելու համար։ Սակայն հնագետները դեռ չեն պարզել՝ այստեղ պանդո՞կ է եղել, գարեջրատո՞ւն, թե՞ հացատուն։ Կառույցների նշանակությունը պարզելու համար հետազոտողները նախատեսում են ուսումնասիրել դրանց ներսում պահպանված նյութերի մնացորդները։

Հայտնաբերված երկրորդ սալիկն ավելի ուշ շրջանի է և ավելի վատ է պահպանվել։ Այն տեղեկություններ է պարունակում տարբեր ապրանքների, մասնավորապես՝ գարու և քնջութի բաշխման մասին։

Ոչ պակաս կարևոր հայտնագործություն է դարձել մոտ հինգ մետր հաստությամբ քաղաքային պարսպի հատվածը։ Հնագետները դրա ընթացքին հետևել են ավելի քան 100 մետր երկարությամբ։ Ենթադրաբար, պարիսպը կառուցվել է Իսին-Լարսայի ժամանակաշրջանում՝ մ.թ.ա. XX–XIX դարերում, իսկ ավելի ուշ օգտագործվել է նաև Համմուրապիի օրոք։ Հետազոտողները հայտնաբերել են նաև մոնումենտալ կառույցի մի անկյուն և բաստիոնով պաշտպանված փոքր օժանդակ դարպաս։ Պարսպի մոտ պահպանվել են այրման լայնածավալ հետքեր, սակայն հրդեհի պատճառներն առայժմ անհայտ են։

Մեկ այլ գտածո վկայում է ջրամատակարարման մտածված համակարգի մասին։ Հնագետները հայտնաբերել են եղեգնյա խսիրներից և կավից պատրաստված ջրանցք, որը նախատեսված էր անձրևաջրերը քաղաքային պարսպի ներսում գտնվող մեծ ջրամբար ուղղելու համար։ Նման կառուցվածքը թույլ էր տալիս ջուր հավաքել և կանխել դրա անվերահսկելի կուտակումը։

Թել Մուհամմադում հետազոտությունները շարունակվում են 2022 թվականից։ Գիտնականներն ակնկալում են, որ հետագա պեղումները կօգնեն ավելի մանրամասն վերականգնելու քաղաքի տնտեսական կյանքը, նրա պաշտպանական համակարգը և մոտ չորս հազարամյակ առաջ Միջագետքի բնակիչների առօրյա զբաղմունքները։