Թարմացված Genesis Electrified GV70 էլեկտրական քրոսովերը ստացել է ընթացքի ավելի մեծ պաշար, ավելի արագ լիցքավորում, վարորդին աջակցող կատարելագործված համակարգեր և հարմարավետության լրացուցիչ հնարավորություններ, գրում է Autocar-ը։
Մոդելը պահպանել է բարձր հզորությունն ու լիաքարշակ համակարգը, սակայն համալրվել է նոր մուլտիմեդիա համակարգով և մի շարք տեխնոլոգիական բարելավումներով։

Մարտկոցի տարողությունն ավելացել է մինչև 84 կՎտ·ժ, իսկ ընթացքի առավելագույն պաշարը՝ ըստ WLTP ցիկլի, 455-ից հասել է 480 կմ-ի։ Երկշարժիչ ուժային համակարգը ստանդարտ ռեժիմում զարգացնում է 423 ձիաուժ, իսկ Boost ռեժիմում՝ 476 ձիաուժ։ Մինչև 100 կմ/ժ արագացումը տևում է 4,4 վայրկյան։
800 վոլտ լարման ճարտարապետության շնորհիվ մարտկոցը 10-ից մինչև 80% կարելի է լիցքավորել 19 րոպեում։ Մարտկոցի նախապատրաստման համակարգն օգնում է արագացնել լիցքավորումը ցուրտ եղանակին։ Բացի դւանից, Vehicle-to-Load գործառույթը թույլ է տալիս ավտոմեքենան օգտագործել որպես մինչև 3,7 կՎտ հզորությամբ շարժական սնուցման աղբյուր։

Սրահում հայտնվել է 27 դյույմ անկյունագծով միասնական համայնապատկերային էկրան, որը միավորում է սարքերի վահանակն ու մուլտիմեդիա համակարգը։ Սարքավորումների ցանկում ներառված են նաև թվային բանալի, մատնահետքի ճանաչման գործառույթ և Google-ի ու Apple-ի օրացույցների հետ ինտեգրում։ Հավելավճարով հասանելի են Bang & Olufsen աուդիոհամակարգը՝ 15 բարձրախոսով և Dolby Atmos տեխնոլոգիայով, մերսման և օդափոխման գործառույթներով նստատեղերը, օդի բուրավետացուցիչը և Nappa կաշվով հարդարումը։

Արտադրողը կատարելագործել է ձայնամեկուսացումն ու էլեկտրոնային կառավարմամբ կախոցը, որն առջևի տեսախցիկի միջոցով ճանաչում է ճանապարհի անհարթությունները և նախապես կարգավորում ամորտիզատորների աշխատանքը։ Վարորդին աջակցող համակարգերի թվում են բախումների կանխարգելման, մայրուղով երթևեկելիս օգնության և ձյան, ցեխի ու ավազի պայմաններին ավտոմատ հարմարվելու համակարգերը։
Մեկ այլ արտասովոր գործառույթ է Virtual Gearshift-ը, որը նմանակում է փոխանցումների փոխարկումը, պտտապահի փոփոխությունն ու V6 շարժիչի ձայնը՝ չնայած ամբողջովին էլեկտրական ուժային համակարգին։ Վերականգնողական արգելակման համակարգը թույլ է տալիս կարգավորել դանդաղեցման ինտենսիվությունը՝ արագացուցիչի ոտնակը բաց թողնելիս։

Քրոսովերի արտաքին տեսքը թարմացվել է նոր լուսադիոդային լուսարձակների, վերամշակված ռադիատորի ցանցի և փոփոխված հետևի լուսային բլոկների շնորհիվ։ Լիցքավորման միակցիչի կափարիչն այժմ համալրված է էլեկտրական շարժաբերով, տաքացմամբ և լուսավորմամբ։
Թարմացման արդյունքում Electrified GV70-ը համատեղում է ընթացքի ավելացված պաշարն ու արագ լիցքավորումը ժամանակակից տեխնոլոգիաների, բարձր հարմարավետության և ավելի արտահայտիչ դիզայնի հետ։





























