Հովհաննես Այվազովսկու «Վենետիկը գիշերով. Սան Ջորջո Մաջորե» կտավը Լոնդոնում կայացած աճուրդում վաճառվել է 1 միլիոն 88 հազար ֆունտ ստեռլինգով, հայտնում է Sotheby's աճուրդի տունը։

Կտավը ներկայացվել էր Fabergé, Imperial & Revolutionary Art աճուրդում։ Դրա նախնական գնահատականը 500–700 հազար ֆունտ ստեռլինգ էր։

Այվազովսկին կտավը նկարել է 1862 թվականին՝ յուղաներկով։ Կտավի չափերը 61,5 × 50,5 սմ է։ Այն պատկանել է Էստոնիայի մասնավոր հավաքածուներից մեկին։ Ըստ Sotheby's-ի նկարագրության՝ կտավը ձեռք են բերել Սանկտ Պետերբուրգում XIX դարի վերջին, ապա փոխանցել ժառանգաբար։