Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է պայթել ականների վրա և հրդեհվել, հայտնում է Press TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հայտարարությունը։
«Հորմուզի նեղուցի հարավային և արևելյան ափերի մոտ երկու խախտող լցանավ է պայթել ծովային ականների վրա, դրանց մեքենայական բաժանմունքներում հրդեհ է բռնկվել», - ասվում է Press TV-ի Telegram ալիքի հաղորդագրության մեջ։
Հորմուզի նեղուցը նավթի և հեղուկացված բնական գազի համաշխարհային մատակարարումների առանցքային ուղիներից մեկն է։ Դրանով նավարկությունը խիստ սահմանափակվել է փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության մեկնարկից հետո։ Թեհրանը հայտարարել է, որ մտադիր է պահպանել սահմանափակումները մինչև իր պայմանների կատարումը, այդ թվում՝ ամերիկյան շրջափակման և պատժամիջոցների վերացումը։
Չնայած առանձին նավերի անցումները շարունակվում են՝ նեղուցում երթևեկության ինտենսիվությունը մնում է զգալիորեն ավելի ցածր, քան հակամարտության մեկնարկից առաջ։



























