Իշխանությունները մեդիադաշտի նկատմամբ վերահսկողության նոր լծակներ են ձևավորում: Ոլորտի ներկայացուցիչները մտահոգված են, որ Հայաստանի նոր Սահմանադրության նախագծով և հունվարի 1-ից նախատեսվող օրենսդրական նորմերով, որոնք ներկայացվում են որպես ԶԼՄ-ների թափանցիկության ու անկախության բարձրացմանն ուղղված քայլեր, մեդիադաշտը պետության հետ հարաբերություններում կարող է ավելի կախյալ դիրքում հայտնվել։
Մասնավորապես՝ Հայաստանի նոր Սահմանադրության նախագծով առաջարկվում է առաջին անգամ սահմանադրական մակարդակով ամրագրել լրատվամիջոցների ֆինանսական թափանցիկության սկզբունքը։ Իսկ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է Կառավարությանը վերապահել այն չափանիշների սահմանումը, որոնց պետք է համապատասխանեն ԶԼՄ-ները՝ ֆիզիկական անձանց վճարած եկամտահարկի հաշվին ֆինանսավորվող կազմակերպությունների ցանկում ընդգրկվելու համար։ Եթե նախագիծը վերջնականապես ընդունվի, նորմը կգործի 2027 թվականի հունվարի 1-ից։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով ընդլայնվել է եկամտային հարկի վերադարձով նախատեսվող սոցիալական ծախսերի շրջանակը: Այդպիսով քաղաքացիները կկարողանան հատկացումներ կատարել հասարակական կազմակերպություններին, լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին, ինչպես նաև կուսակցություններին։ Նախատեսվում է յուրաքանչյուր ՀԿ-ի, կուսակցության կամ ԶԼՄ-ի համար՝ 1000 դրամ, ընդհանուր առավելագույնը՝ 3000 դրամ: Եկամուտների հայտարարագիր ներկայացնելիս քաղաքացին էլեկտրոնային համակարգով ընտրելու է կազմակերպությունը և նշելու հատկացվող գումարը, իսկ փոխանցումը կատարելու է ՊԵԿ-ը: Հարկային մարմնում կձևավորվեն և կհրապարակվեն կազմակերպությունների, լրատվական սուբյեկտների ու կուսակցությունների ցանկերը: Դրանցում կընդգրկվեն Կառավարության սահմանած չափանիշներին բավարարող և իրենց ֆինանսական գործունեության մասին տեղեկություններ հարկային մարմին ներկայացրած կազմակերպությունները. ցանկերի ներկայացման ու հրապարակման կարգը ևս պետք է սահմանի Կառավարությունը:
Նախագծի նպատակն, ըստ կառավարության ներկայացուցիչների, լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների և քաղաքական կուսակցությունների ֆինանսական որոշակի անկախության ու թափանցիկության բարձրացումն է, ազատ ու անկողմնակալ խոսքի զարգացման խթանումն է, մինչդեռ լրատվական դաշտի ներկայացուցիչները նախագծում ռիսկային դրույթներ են տեսնում, որոնք, նրանց գնահատմամբ, «ծուղակ» են հիշեցնում և կարող են սպառնալ ԶԼՄ-ների անկախությանը։
«Ժողովուրդ» օրաթերթի հիմնադիր, ԱԺ նախկին պատգամավոր Թագուհի Թովմասյանը NEWS.am-ի հետ զրույցում նկատեց, որ նախագիծը մշակելիս շահառուների հետ որևէ քննարկում չի իրականացվել:
Նա նշեց, որ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահի հրավիրած քննարկմանը, որին մասնակցում էին երեք լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ֆինանսների փոխնախարարն ընդունել է, որ նախագիծը մեդիաոլորտի ներկայացուցիչների հետ չի քննարկվել՝ պատճառաբանելով, որ չգիտեր՝ ում դիմել, և խոստացել է ենթաօրենսդրական ակտերի մասին նախապես տեղեկացնել լրատվամիջոցներին:
Թովմասյանի կարծիքով՝ նախագիծը չի կարող նույն մոտեցմամբ վերաբերվել կուսակցություններին և լրատվամիջոցներին, քանի որ դրանք տարբեր գործառույթներ իրականացնող սուբյեկտներ են, և պետք է առհասարակ կուսակցությունների մասը հանել նախագծից: Ըստ նրա՝ խնդրահարույց են հայտարարագրման համակարգում լրատվամիջոցների ցանկի ընտրության հետ կապված կարգավորումները:
«Ամենամեծ խնդիրն այն է, որ ՊԵԿ-ում գրանցումն ինքնաշխատ եղանակով չի լինելու։ Որևէ աշխատակից սեղմելու է այդ կոճակը, և այստեղ մենք ունենք սուբյեկտիվ վերաբերմունքի հնարավոր ռիսկ։ Իսկ երկրորդն անձնական տվյալների պաշտպանության խնդիրն է: Եթե քաղաքացին որոշի գումար փոխանցել որևէ կուսակցության կամ լրատվամիջոցի՝ հատկապես ընդդիմադիր, անմիջապես նույնականացվելու է»,- ասաց նա և ավելացրեց. «Երբ անգամ օդանավակայանում, որտեղ անվտանգության տեսախցիկներին հասանելիություն ունեն միայն սահմանապահները, նկարահանում են և այդ նկարահանման կոնտենտը հայտնվում է իշխանական լրատվամիջոցում, ապա մենք չենք կարող վստահել, որ հարկային մարմնի որևէ աշխատակից մեր կամ քաղաքացու տվյալները չի հրապարակի կամ որևէ երրորդ կողմի չի տա»։
Արդյունքում, նրա գնահատմամբ՝ պետական հատվածում աշխատողները, վախենալով հետևանքներից, կխուսափեն ընդդիմադիր լրատվամիջոցին կամ կուսակցությանը գումար հատկացնելուց:
Թովմասյանի կարծիքով՝ նախագիծը, որն ունի գեղեցիկ փաթեթավորում, իրականում բերվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օրինական ֆինանսավորումն ապահովելու նպատակով:
«Այս օրենքը ընդամենը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆինանսավորման դատարկ կտրոն է, որի տակ ստորագրեցին Ազգային ժողովի պատգամավորները առաջին ընթերցմամբ։ Երկրորդ ընթերցմանը եթե ստորագրեն, նշանակում է՝ «Քաղաքացիական պայմանագիրն» ունենալու է անսահմանափակ ֆինանսավորում, իսկ մյուս կուսակցությունները ունենալու են խնդիրներ: Բայց փաթեթավորումը լինելու է այնպիսին, որ, օրինակ, քաղաքացին է ֆինանսավորում «Քաղաքացիական պայմանագրին»։ Կասեն՝ տեսնո՞ւմ եք՝ ինչ ժողովրդավար ենք, ինչ թափանցիկ ենք աշխատում»,- ասաց նախկին պատգամավորը՝ նկատելով, որ պետական հատվածի աշխատակիցները, բնականաբար, կխուսափեն եկամտահարկից հատկացնել ընդդիմադիր լրատվամիջոցներին կամ կուսակցություններին՝ վախենալով այդ տվյալների արտահոսքից:
«Մեդիամաքսի» գլխավոր խմբագիր, ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի անդամ Դավիթ Ալավերդյանը NEWS.am-ին հայտնեց, որ հանձնաժողովի նիստում պատասխանատուները մեդիաոլորտի ներկայացուցիչներին խոստացել են, որ մինչև նախագծի վերջնական ընդունումը քննարկում կանցկացվի, և լրատվամիջոցները հնարավորություն կունենան դիտողություններ և առաջարկներ ներկայացնելու:
Ալավերդյանը նշեց, որ սկզբունքորեն դեմ չէ նախագծի գաղափարին: Նրա գնահատմամբ՝ շատ ԶԼՄ-ների համար գումարը սկզբում մեծ չի լինի, սակայն կարող է որոշակի աջակցություն ունենալ: Սակայն, միաժամանակ, ըստ նրա, առայժմ տեսանելի չեն հստակ երաշխիքներ, որ նախագիծը հետագայում չի օգտագործվի հենց լրատվամիջոցների դեմ:
Անդրադառնալով նախագծի խնդրահարույց դրույթներին՝ Ալավերդյանը մտահոգություն հայտնեց, որ լրատվամիջոցներին ցանկում ներառելու չափանիշները սահմանելու է Կառավարությունը, մինչդեռ նախագծի նպատակը լրատվամիջոցների ֆինանսական անկախությունն է: Նա առաջարկում է անմիջապես օրենքով ամրագրել, թե ինչ չափանիշների համապատասխանող լրատվամիջոցները կարող են ընդգրկվել ցանկում, ինչը կբացառի գործադիրի կամայական ընտրությունը:
Ուշագրավ է նաև, թե ինչպես է ձևավորվելու ցանկը, երբ համակարգին որոշեն միանալ մեծ թվով լրատվամիջոցներ և կուսակցություններ: Ալավերդյանի խոսքով՝ Հայաստանում ներկայումս լրատվամիջոցների ճշգրիտ թիվը հայտնի չէ. քննարկման ժամանակ հնչել է մոտ 2000 թիվը, որը, սակայն, ըստ նրա՝ Հայաստանի համար իրատեսական չէ, ինչպես նաև կան գրանցված 9000 ՀԿ-ների մասին տեղեկություններ, մինչդեռ իրականում, դրանց մի մասը փաստացի չի գործում:
Ալավերդյանը մտավախություն ունի, որ ցանկացած իշխանություն՝ լինի գործող, թե ապագա, հնարավորություն կունենա ձեռք բերելու տվյալներ, թե ով ում է գումար փոխանցել, և կարող են ճնշում գործադրել ընդդիմադիր ԶԼՄ-ներին կամ կուսակցություններին գումար փոխանցած անձանց վրա: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է համակարգային լուծում, հնարավոր է նաև կարիք լինի փոխություններ իրականացնել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքում, որպեսզի ցանկերից արտահոսքը համարվի ապօրինի և քաղաքացիները կարողանան պաշտպանել իրենց տվյալները:
Նշենք, որ ԱԺ-ի կողմից օրենքի ընդունման դեպքում այն կկիրառվի 2026 թվականի ու դրան հաջորդող հարկային տարիների եկամտային հարկի հաշվին հասարակական կազմակերպություններին, լրատվամիջոցներին և կուսակցություններին տրամադրվող հատկացումների նկատմամբ։ Իսկ օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերը պետք է ընդունվեն օրենքի ընդունումից հետո՝ եռամսյա ժամկետում։





























