ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները քննարկում են Իրանին նոր հարվածներ հասցնելու հնարավորությունը՝ երկրի ղեկավարության մի մասին վերացնելու համար։ Այս մասին NBC News-ին հայտնել են իրազեկ աղբյուրները։ Նրանց խոսքով՝ այս տարբերակի կողմնակիցները կարծում են, որ այն Թրամփին թույլ կտա պատերազմն ավարտել իր պայմաններով։ Հակառակորդները նախազգուշացնում են՝ Իրանի ղեկավարների զոհվելը կարող է կոշտացնել Թեհրանի դիրքորոշումն ու խաթարել ապագա խաղաղ բանակցությունների նկատմամբ վստահությունը։

ԱՄՆ ռազմական ղեկավարությունը մտավախություն ունի, որ Իրանի առաջնորդների դեմ հարձակումները կարող են վտանգել ամերիկացի պաշտոնյաների անվտանգությունը։ Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը Թեհրանի սպառնալիքների պատճառով տեղափոխվել էր Վաշինգտոնի մերձակայքում գտնվող ռազմաբազա։

NBC News-ի աղբյուրների խոսքով՝ Թրամփը դեռ վերջնական որոշում չի կայացրել։ Հեռուստաալիքը նշում է, որ Իրանի ղեկավարների մի մասին վերացնելու հնարավորությունը վաղուց են քննարկում։ Վերջին շաբաթներին քննարկումներն ակտիվացել են՝ պատերազմն ավարտելու ուղիների որոնմանը զուգահեռ։

Ռազմական հակամարտության սկզբում՝ այս տարվա փետրվարին, ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից զոհվել էր Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, որը երկիրը ղեկավարել էր 36 տարի։ Մարտին նրան հաջորդել էր որդին՝ Մոջթաբա Խամենեին։ Նա նույնպես տուժել էր ավիահարվածներից և որոշ ժամանակ չէր հայտնվում հանրության առջև։ Ամերիկացի որոշ պաշտոնյաներ նրան համարում են ավելի կոշտ գծի կողմնակից, քան հայրը։

Ավելի վաղ ԱՄՆ հետախուզության տվյալներին ծանոթ աղբյուրները CNN-ին հայտնել էին, որ Իրանը ծրագրում է Վաշինգտոնում հարձակվել Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների վրա՝ կիրառելով «կեղտոտ ռումբ» կամ քիմիական զենք։

Հոկտեմբերին Israel Hayom պարբերականը գրել էր, որ «Մոսադը» ԿՀՎ-ին նախազգուշացրել է Թրամփի և նրա վարչակազմի ներկայացուցիչների դեմ Թեհրանի նախապատրաստած մահափորձերի մասին։ Պարբերականի տվյալներով՝ թիրախ կարող են դառնալ նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Հարձակումների համար կարող են օգտագործվել անօդաչու թռչող սարքեր։ Այս ֆոնին ԱՄՆ-ը բարձրացրել է Մերձավոր Արևելքում իր դիվանագիտական առաքելությունների աշխատակիցների պատրաստվածության մակարդակը և սկսել կրճատել դեսպանատների ու հյուպատոսությունների անձնակազմերը։

Նոյեմբերի 22-ին Թրամփը հայտարարել է, որ հակված է վերսկսելու Իրանին հասցվող հարվածները։ Նա իրանցի բանակցողներին մեղադրել է գործընթացը ձգձգելու, իսկ Թեհրանին՝ ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո ռազմական գործողությունները սրելու մեջ։

Միևնույն ժամանակ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ Թեհրանը պատրաստ է Վաշինգտոնի հետ բանակցել Հորմուզի նեղուցի բացման շուրջ։ Նրա խոսքով՝ երկրի իշխանությունները ձգտում են «լավ, արժանապատիվ և կայուն համաձայնության»։