Մամուլում տարածված հայտարարությունն այն մասին, թե Երևանի քաղաքապետարանը տրանսպորտային միջոցների երթևեկության սահմանափակումների վերաբերյալ որոշումներ է կայացրել, սուտ է։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Երևանի քաղաքապետարանը սահմանափակումների վերաբերյալ որևէ որոշում չի կայացրել։ Առաջիկա շաբաթների ընթացքում բոլոր առաջարկները կներկայացվեն հանրային քննարկման։

Քաղաքացիներին գոյություն չունեցող որոշումներով ու սահմանափակումներով վախեցնելն առնվազն անպատասխանատու և անազնիվ վարքագիծ է։

Իսկ ինչ վերաբերում է «9 տոկոսանոց իշխանություն» ձևակերպմանը, ապա զավեշտալի է, որ տոկոսներից խոսում են մարդիկ, որոնց ամենօրյա պայքարը սկսվում և ավարտվում է երկու-երեք լայքի միջակայքում՝ հանուն դրանց անգամ տեղեկություններ հորինելով»։

Հիշեցնենք, որ այսօր Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան գրառմամբ նշել էր, թե քաղաքապետարանը պատրաստվում է մայրաքաղաք մուտք գործելու սահմանափակումներ կիրառել՝ դրանք վերագրելով ավտոմեքենաների արտադրության տարեթվին, վառելիքի տեսակին և էկոլոգիական չափանիշներին։

Քաղաքապետարանում որոշել են՝ ովքեր ունեն 2010թ.-ից ցածր մեքենա, չեն կարողանա մուտք գործել մայրաքաղաք. ավագանու անդամ