Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը պատրաստ է ստանձնել «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքով նախատեսվող նոր լիազորությունները, եթե ապահովվեն միջազգային չափանիշներին համապատասխան պայմանները։ Այս մասին նոյեմբերի 25-ին Ազգային ժողովում օրինագծի քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ Քննարկումը նախաձեռնել էր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը։

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 15-ին, Հայաստանի կառավարությունը հավանություն էր տվել Արդարադատության նախարարության մշակած օրինագծին։ Նախարարությունը, մասնավորապես, առաջարկել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստեղծել խտրականության հարցերով դեպարտամենտ՝ նախատեսելով յոթ նոր հաստիք։ Դրա գործունեությունն ապահովելու համար պետական բյուջեից տարեկան կհատկացվի շուրջ 38,7 մլն դրամ։

«Ես արդեն ասել եմ, որ հաստատությունը պատրաստ կլինի ստանձնել այս գործառույթը, բայց միայն այն դեպքում, եթե միջազգային չափանիշներին համապատասխան տրամադրվեն բավարար մարդկային ու ֆինանսական ռեսուրսներ, ինչպես նաև անհրաժեշտ տարածքներ, որպեսզի ապահովվի այդ գործառույթն իրականացնելու նվազագույն հնարավորությունը»,– ասել է Մանասյանը։

Կառավարության հավանությանն արժանացած օրինագծի համաձայն՝ Մարդու իրավունքների պաշտպանը կկարողանա խտրականության ենթարկված անձի գրավոր համաձայնությամբ դիմել դատարան։ Կողմերի գրավոր համաձայնության դեպքում նա նաև կկարողանա հաշտարարության ընթացակարգեր անցկացնել բողոք ներկայացրած անձի և ենթադրաբար խտրականություն թույլ տված կազմակերպության միջև։

Օմբուդսմենին նաև կվերապահվեն օրենսդրության կիրառման մշտադիտարկում իրականացնելու, հրապարակային զեկույցներ ներկայացնելու, հաշտության համաձայնագրերի կատարումը վերահսկելու և բողոքների քննարկման նիստեր գումարելու լիազորություններ։

Բացի այդ, նախատեսվում է Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր ստեղծել խտրականության հարցերով խորհրդակցական մարմին։ Աշխատակազմում նախատեսվող խտրականության հարցերով դեպարտամենտը բաղկացած կլինի երկու վարչությունից՝ անհատական բողոքների քննարկման և իրավունքների առաջխաղացման վարչություն։

Նախատեսվել են հետևյալ հաստիքներն ու պաշտոնային դրույքաչափերը․

  • Դեպարտամենտի ղեկավար՝ 707 200 դրամ։

  • Երկու վարչության պետ՝ յուրաքանչյուրը 459 264 դրամ։

  • Երկու գլխավոր մասնագետ՝ յուրաքանչյուրը 378 560 դրամ։

  • Երկու ավագ մասնագետ՝ յուրաքանչյուրը 258 752 դրամ։

Տարեկան ֆինանսավորման հաշվարկում ներառվել են նաև պարգևատրման ֆոնդի ավելացման համար անհրաժեշտ միջոցները։