Շվեյցարիայի կողմից սառեցված ռուսական ակտիվների արժեքն աճել է՝ հասնելով 8,5 մլրդ շվեյցարական ֆրանկի (10,2 մլրդ դոլար), հայտնում է Bloomberg գործակալությունը։

Նշվում է, որ, Շվեյցարիայի իշխանությունների տվյալներով, նոր ցուցանիշը 15%-ով գերազանցում է 2025 թվականի ապրիլի ցուցանիշը, երբ այն կազմում էր 7,4 մլրդ ֆրանկ։ Գործակալության տվյալներով՝ աճը պայմանավորված է ակտիվների նոր սառեցումներով, ինչպես նաև ոսկով պահվող որոշ ակտիվների արժեքի բարձրացմամբ։

Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողության մեկնարկից հետո արևմտյան երկրները պատժամիջոցներ սահմանեցին Ռուսաստանի բանկի նկատմամբ։ Բացի ՌԴ ոսկեարժութային պահուստների սառեցումից՝ արգելքի տակ հայտնվեցին Կենտրոնական բանկի պահուստների և ակտիվների կառավարման հետ կապված բոլոր գործարքները, ինչպես նաև Կենտրոնական բանկի անունից կամ հանձնարարությամբ գործող ցանկացած իրավաբանական անձի, կազմակերպության կամ մարմնի հետ գործարքները։

Եվրամիությունն ու G7-ի երկրները սառեցրել են ՌԴ շուրջ 300 մլրդ եվրոյի ակտիվները։