Nvidia-ի շուրջ բռնկված սկանդալից հետո ԱՄՆ-ի կիրառած արտահանման նոր սահմանափակումները կարող են սառեցնել Հարավարևելյան Ասիայում տվյալների կենտրոնների ապագա հզորությունների մինչև կեսը։ Այս մասին գրում է The Straits Times թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Նրանց խոսքով՝ ԱՄՆ-ի արտահանման նոր կանոնների պատճառով Հարավարևելյան Ասիայում նախատեսված հզորությունների մինչև կեսը «կարող է չիրագործվել»։ Աղբյուրը պարզաբանել է, որ տվյալների կենտրոնների օպերատորները տեղական էլեկտրաէներգիայի մատակարարների հետ նախապես խոշոր ծավալների պայմանագրեր են կնքել՝ ակնկալելով արհեստական բանականության ոլորտում ապագա պահանջարկը։ Սակայն այդ հզորությունների կեսն ամրագրված է չինացի հաճախորդների համար։

Պարբերականը հիշեցնում է, որ 2022 թվականից չինական ընկերություններին արգելված է ԱՄՆ-ից միկրոսխեմաների ուղիղ ներմուծումը։ Դրանից հետո նրանք սկսել են հաշվողական հզորություններ վարձակալել Հարավարևելյան Ասիայի տվյալների մշակման կենտրոններում, որտեղ նման սարքավորումները կարող էին օգտագործվել օրինական հիմունքներով։ Այժմ Վաշինգտոնը փակում է այս ուղին։

Նոյեմբերի 24-ին Վաշինգտոնն արտահանման սահմանափակումներ է կիրառել սինգապուրյան Megaspeed ընկերության և դրա հետ կապված կառույցների նկատմամբ, որոնց ԱՄՆ իշխանությունները կասկածում են Nvidia ընկերության ամերիկյան համակարգչային չիպերը Չինաստան ապօրինի մատակարարելուն առնչություն ունենալու մեջ։ Megaspeed-ը նախկինում ղեկավարել է Էլիս Հուանգը, որը ներգրավված է Nvidia-ի գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգի շուրջ ծագած սկանդալում։ Ամերիկյան կողմը նրան կասկածում է Չինաստանի օգտին լրտեսություն անելու մեջ։ ՉԺՀ ԱԳՆ-ն նման պնդումները զրպարտություն է որակել։ Սահմանափակումները կտարածվեն յոթ իրավաբանական անձի՝ Սինգապուրում, Մալայզիայում և Թաիլանդում գործող ընկերությունների վրա։