Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) դատարանի խորհրդատվական եզրակացության համաձայն՝ Ռուսաստանի մաքսային ծառայությունն իրավունք չունի բարձրացված մաքսատուրքեր գանձել արևմտյան այն ապրանքների համար, որոնք արդեն մաքսազերծվել են միության անդամ այլ երկրներում և այնտեղից ներմուծվել Ռուսաստան։ Այդ գործելակերպի օրինականությունը պարզելու խնդրանքով դատարան էր դիմել Ղազախստանի ձեռնարկատերերի «Աթամեկեն» ասոցիացիան։
Ռուսաստանը չի բացահայտում, թե որքան ապրանք է երկիր մուտք գործում միության մյուս անդամ պետությունների տարածքով։ Սակայն խոսքը տարեկան առնվազն 5 միլիարդ եվրոյի մասին է․ նման գնահատական է տալիս ռուսական խորհրդատվական ընկերություններից մեկի ղեկավարը՝ հիմնվելով արտահանող երկրների և ԵԱՏՄ-ի տվյալների վրա։ Նրա խոսքով՝ սա խիստ մոտավոր գնահատական է․ «Ամենայն հավանականությամբ, ծավալներն ավելի մեծ են»։
Ռուսաստանի կառավարությունը 2022 թվականի դեկտեմբերին մի քանի անգամ բարձրացրեց «ոչ բարեկամական» երկրներից՝ ԵՄ անդամ պետություններից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ճապոնիայից, Ավստրալիայից և այլ երկրներից ներմուծվող որոշ ապրանքախմբերի մաքսատուրքերը։ «Պատժամիջոցային սակագնի» տակ հայտնված ապրանքների թվում են օծանելիքն ու կոսմետիկան, հագուստը, ալկոհոլը և կենցաղային քիմիան։
Այդ ապրանքների նկատմամբ կիրառվում են մաքսային արժեքի 15%-ից մինչև 50%-ի չափով մաքսատուրքեր։ Օրինակ՝ ֆրանսիական օծանելիքի մաքսատուրքը կազմում է 20%, մինչդեռ «բարեկամական» երկրներից ներմուծվող օծանելիքի համար այն 6,5% է։ Բարձրացված մաքսատուրքերով հարկվող ապրանքների ցանկն ընդլայնվում է, իսկ դրույքաչափերը շարունակում են աճել։
Այսպես՝ 2024 թվականին «ոչ բարեկամական» երկրների գինիների մաքսատուրքերը 12,5%-ից բարձրացան մինչև 20%։ 2025 թվականի սեպտեմբերին կառավարությունը եվրոպական գարեջրի մաքսատուրքը մեկ լիտրի համար 1 եվրոյից հասցրեց 1,5 եվրոյի, մինչդեռ ԵԱՏՄ երկրների գարեջրի բազային դրույքաչափը մեկ լիտրի համար 0,018–0,04 եվրո է։ 2026 թվականի նոյեմբերին հերթական անգամ կտրուկ աճեցին «պատժամիջոցային» թունդ ալկոհոլի մաքսատուրքերը՝ 20%-ից հասնելով 30%-ի, բայց ոչ պակաս, քան մեկ լիտրի դիմաց 3 եվրո։
«Ռուսաստանը պայքարում է բյուջեի համար տասնյակ միլիարդավոր ռուբլիներ ապահովելու համար»,– գնահատում է խորհրդատվական ընկերության ղեկավարը։ Այդ գումարն ի վերջո վճարելու են գնորդները։
Ռուս ներմուծողները փորձել են խնայել՝ արևմտյան ապրանքները ներմուծելով ԵԱՏՄ երկրների միջոցով։ Մեկ տարի առաջ «Օպորա Ռոսիի» ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Կալինինը Ֆինանսների նախարարությանը բողոքել էր, որ «որոշ ներմուծողներ» սկսել են Չեխիայից և Գերմանիայից բերվող գարեջուրը մաքսազերծել Բելառուսում ու Ղազախստանում, այնուհետև արտոնյալ դրույքաչափերով ներմուծել Ռուսաստան՝ որպես ԵԱՏՄ ապրանք։
«Այդպես սկսեց վարվել ոչ միայն փոքր ու միջին, այլև ամբողջ խոշոր բիզնեսը՝ երկրի առաջատար մանրածախ ցանցերը, քանի որ ապրանքի գնի տարբերությունը շատ զգալի էր»,– պատմում է մաքսային իրավունքի մասնագետը։ Սակայն անցյալ գարնանը Դաշնային մաքսային ծառայությունը (ԴՄԾ) որոշեց «փակել այդ սողանցքը», շարունակում է նա։ Ծառայությունը սկսեց բարձրացված մաքսատուրքեր հաշվարկել նաև արևմտյան այն ապրանքների համար, որոնք նախապես մաքսազերծվել էին ԵԱՏՄ այլ երկրներում, ապա ներմուծվել Ռուսաստան։ «Բյուջեն համալրելու ձգտումը հասկանալի է, բայց նման գործելակերպն ուղղակիորեն հակասում է տնտեսական միության մասին դրույթներին»,– ընդգծում է իրավաբանը։
Ներմուծողները դատարաններում վիճարկում են ԴՄԾ-ի հաշվարկները․ այժմ նման տասնյակ գործեր կան։ Մինչև 2025 թվականի աշուն դատարանները հիմնականում աջակցում էին բիզնեսին, սակայն հոկտեմբերին առաջին անգամ որոշում կայացվեց հօգուտ մաքսային ծառայության, շարունակում է իրավաբանը։
Ռուսական խոշոր «Լ’Էտուալ» գեղեցկության ապրանքների ցանցը կառավարող «Ալկոր» ընկերությունը չկարողացավ ազատվել Դոմոդեդովոյի մաքսատան լրացուցիչ հաշվարկած բարձրացված մաքսատուրքերից։ Դրանք վերաբերում էին Ղազախստանից, Հայաստանից և Բելառուսից ներմուծված՝ Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի, Գերմանիայի, Լեհաստանի ու Չեխիայի արտադրության կոսմետիկային և օծանելիքին։
Բիզնեսը սպասում էր, թե ինչպես կավարտվի «Լ’Էտուալ»-ի գործի քննությունը, ասել է Denuo ընկերության խորհրդական, արտաքին առևտրային և մաքսային կարգավորման պրակտիկայի համաղեկավար Սերգեյ Վասիլևը։ Դատարանի որոշման մեջ նշվում է, որ ներմուծման մաքսատուրքերի հաշվարկման հարցում որոշիչ նշանակություն ունի ապրանքների ծագման երկիրը, այլ ոչ թե ներմուծման եղանակը։
Սակայն եթե ռուսական բիզնեսը փաստացի համակերպվել էր այդ գործելակերպի հետ, ապա մատակարարման շղթաներում ներգրավված բարեկամական երկրների ձեռնարկատերերը՝ ոչ, նշում է մեկ այլ իրավաբան։ Այժմ ԵԱՏՄ դատարանի կոլեգիան դիրքորոշում է հայտնել նրանց օգտին։
Դատարանի եզրակացությունը խորհրդատվական բնույթ է կրում, սակայն հստակ սահմանում է, որ միության մաքսային օրենսգիրքը թույլ չի տալիս բարձրացված մաքսատուրքեր կիրառել ԵԱՏՄ երկրների միջև տեղափոխվող ապրանքների նկատմամբ, եթե դրանք արդեն մաքսազերծվել են այդ երկրներից որևէ մեկում։
«Դատարանը նշում է, որ եթե «ոչ բարեկամական» երկրների ապրանքները միություն են մուտք գործում Ռուսաստանի սահմանով, նրա մաքսային մարմիններն իրավունք ունեն մաքսատուրքեր հաշվարկել ազգային օրենսդրությամբ։ Սակայն եթե դրանք արդեն մաքսազերծվել են միության մեկ այլ երկրում, ապա ավելի շատ գանձելն անօրինական է»,– ասում է մաքսային իրավունքի մասնագետը։
Թեև ԵԱՏՄ դատարանի եզրակացությունն ուղղակի ազդեցություն չունի անդամ պետությունների մաքսային մարմինների գործողությունների վրա, ռուս ներմուծողները ծանրակշիռ փաստարկ կստանան՝ Ռուսաստանի դատարաններում ԴՄԾ-ի որոշումները վիճարկելու համար, համոզված է նա։ Իրավաբանը հիշեցնում է, որ ՌԴ Գերագույն դատարանը գործերի քննության ժամանակ արդեն իսկ հաշվի է առել ԵԱՏՄ դատարանի ձևակերպած իրավական դիրքորոշումները։ Այդուհանդերձ, նրա կարծիքով, Ռուսաստանի կառավարությունը, մաքսային ծառայությունը և դատարանները կգերադասեն անտեսել այս եզրակացությունը, թեև դա «պառակտում կսերմանի միության ներսում»։





























